2012 հունիսի 18-ին, ժամը 1-50-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ տարբեր վնասվածքներով Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 անձ: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են հունիսի 17-ի երեկոյան՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ են: Վերջիններիս ծեծի են ենթարկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանն է, իսկ մյուսը Արտակ Բայադյանն է:
Վահե Ավետյանը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության:
Բժիշկները Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից և վերակենդանացման բաժանմունքում է։
Aravot.am-ի հետ զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել մոտ 40 զինվոր, որոնք բուժվում են հոսպիտալում: Սակայն արդեն 2-րդ օրն է, որ Վահեն նրանց կողքին պառկած է:
Ըստ կոլեգաների` Վահեն այս ոլորտի միակ մասնագետն է, որը, կարելի է ասել, բանակի համար այսօր անփոխարինելի գործ է անում: Միջադեպից խիստ ազդված բժիշկները մեզ հետ զրույցում զայրացած ասում էին, որ Պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ ի պաշտպանություն իր բժշկի. «Եթե այս միջադեպը կոծկվի և մեղավորները չպատժվեն, ուրեմն մենք ո’չ պաշտպանության նախարարություն ունենք, ո’չ էլ պաշտպանության նախարար: Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, որոնք Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել, ինչ-որ մեկի «ախրանան» կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր «տշել», նշանակում է, պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել հեռանալ այս երկրից»:
Նշենք, որ Վահեն ամուսնացած է և ունի 2 անչափահաս երեխա: Կոլեգաներն ու հարազատները aravot.am-ի հետ զրույցում նրան բնութագրել են զուսպ, համեստ ու կիրթ անձնավորություն: Քրոջ` Վերոնիկայի խոսքերով. «Նա անգամ փողոցային շներին էր օգնություն ցույց տալիս, շատ լուսավոր մարդ է, ես զարմանում եմ` դրանք մայրական կաթի փոխարեն թարա՞խ են կերել»:
Հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի ներկայացմամբ` Վահեն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Ըստ բժշկի, մարմնի մյուս հատվածները վնասված չեն. «Ինչից կարելի է ենթադրել, որ նպատակային գլխին են հարվածել»:
Մյուս տուժած բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար լավ է. նրան պարբերաբար հանգստացնող դեղամիջոցներ են ներարկում: Բժշկի խոսքերով, աչքերը բացելուն պես Արտակը ընկերոջ` Վահեի մասին է հետաքրքրվում:
Hetq.am-ի գլխավոր խմաբգիր Էդիկ Բաղդասարյանը միջադեպի առթիվ գրում է. Սա թիկնապահների առաջին «հերոսությունը» չէ, վստահ եմ` նրանք բազմաթիվ մարդկանց հետ են նման ձևով վարվել և, համոզված եմ, ամեն անգամ խրախուսանքի են արժանացել իրենց շեֆից: Սերժ Սարգսյանն ասում է` հավատացեք ինձ և կփոխենք:
Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել: Ինչի՞ն հավատանք, երբ իմ երկրի սահմանները պաշտպանող սպայի վրա Ձեր կուսակից օլիգարխի թիկնապահները համարձակություն ունեն ձեռք բարձրացնել:
Slaq.am-ի խմբագիրը թեման շարունակելով գրում է. Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը փաստորեն իրականացնում է ոչ թե ոստիկանությունը, այլ ՊՆ քննչական ծառայությունը: Սա մի կողմից ավելի լավ է, քանի որ ՊՆ քննիչներն ավելի շահագրգռված պետք է լինեն, որ գործը բացահայտվի և մեղավորները պատժվեն, քանի որ ՊՆ-ի համար սա արժանապատվության հարց է: Եվ եթե Պաշտպանության Նախարարությունն ամեն ինչ չանի, որ հանցագործներն ըստ արժանվույն պատժվեն` ապա ՊՆ համակարգը պարզապես կփլուզվի: Պն-ն այսօր իր դեմքը պահելու խնդիր ունի և, կարծում եմ, այս հարցում հասարակությունը պետք է կանգնի Պաշտպանության Նախարարության մեջքին, քանի որ դա մեր ազգային բանակի, այսինքն նաև մեր դեմքն է:
No comments:
Post a Comment