Իսպանիան այսօր պաշտոնապես ֆինանսական օգնություն է խնդրել Եվրոմիությունից, հայտնում է REGNUM-ը: Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը համապատասխան նամակ է ուղարկել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Ժան-Կլոդ Յունկերին, ով ներկայում ղեկավարում է եվրոգոտու անդամ երկրների նախարարական խումբը:
Գումարն անհրաժեշտ է երկրին բանկերի վերակազմավորման ու սուվերեն պարտքի սպասարկման համար: Դե Գինդոսը ցանկանում է համաձայնեցնել ֆինանսական օգնության տրամադրման պայմաններն ու մանրամասները` մինչ հուլիսի 9-ին կայանալիք եվրոգոտու ֆինանսների նախարարների նիստը:
Նախարարի նամակում գումարի հստակ չափի մասին չի նշվում, չնայած ավելի վաղ խոսվում էր 100 մլրդ եվրոյի մասին:
Ֆինանսական հարցերով եվրոհանձնակատար Օլի Ռենը ենթադրում է, որ երկու անկախ ու մասնավոր ընկերությունների կողմից իսպանական բանկերում անցկացված աուդիտից հետո, Իսպանիային օգնության տրամադրման շուրջ համաձայնության կարելի է հասնել ընդամենը մի քանի շաբաթից:
Հիշեցնենք, որ ամերիկյան Oliver Wyman-ն ու գերմանական Roland Berger-ն իսպանական բանկերում անցկացված աուդիտի արդյունքում որոշել են բանկային հատվածի վերակազմավորման համար անհրաժեշտ գումարի չափը` ամենաանբարենպաստ և բարենպաստ սցենարների դեպքում: Ըստ Oliver Wyman-ի` ամենաանբարենպաստ սցենարի դեպքում երկրին հարկավոր է 51-62 մլրդ եվրո, իսկ բարենպաստ սցենարի դեպքում` 16-25 մլրդ: Ըստ Roland Berger-ի` ամենանբարենպաստ սցենարի դեպքում օգնության չափը 51.8 մլրդ է , իսկ բարենպաստ սցենարի դեպքում` 25.6 մլրդ եվրո:
Այսպիսով, Իսպանիան եվրոգոտու 4-րդ երկիրն է Հունաստանից, Իռլանդիայից ու Պորտուգալիայից հետո, որը չի կարողանում ինքնուրույն սպասարկել իր պետական ու մասնավոր հատվածի պարտքերը:
No comments:
Post a Comment