Popular Posts

Thursday, June 28, 2012

ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձևավորումը վերջնական փուլում է


Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ձևավորումը վերջնական փուլում է. այսօր հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամի անունը ներկայացնելուց հետո այն կհամարվի ձևավորված, և ԱԺ նախագահ այս մասին կարգադրություն կստորագրի, այս մասին  հայտնեց ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը:

Ինչպես տեղեկացանք ԱԺ խմբակցություններից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից որպես հանձնաժողովի անդամ ներկայացված է Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Մերուժան Սիմոնյանը, «Օրինաց երկրից»՝ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ից առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

Էթիկայի հանձնաժողովի ստեղծումն ամրագրված է «Ազգային Ժողովի կանոնակարգ- օրենքում» կատարված փոփոխություններով և լրացում կատարելու մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագծի հիման վրա:

Այն ոչ միայն էթիկական վարքագծի կանոնների տեսանկյունից սահմանելու է պատգամավորի լիազորությունների իրականացումն ու վարքագիծը, այլև ուսումնասիրելու է պատգամավորների հայտարարագրերը, պարզելու է, թե արդյո՞ք այս կամ այն պատգամավորը այս կամ այն ելույթը ու հայտարարությունը անելիս չունի շահերի բախում, և եթե այո, ապա այդ մասին հայտարարե՞լ է, թե՝ ոչ:

Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

Հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցություն ունենալու է մեկական անդամ, իսկ հանձնաժողովի նախագահն ու տեղակալը առաջադրվելուց հետո ԱԺ հերթական գումարման հինգ տարիներին պաշտոնավարելու են ռոտացիոն կարգով՝ որպես իշխող ամենամեծ և ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ այս մոդելն ամբողջությամբ կրկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գործող կարգը:

No comments:

Post a Comment