Popular Posts

Wednesday, June 20, 2012

Երեկ ձերբակալվել է «Հարսնաքարի» անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը



Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շարունակում է ծայրահեղ ծանր մնալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, 35-ամյա մայոր Վահե Ավետյանի վիճակը:

«Արդեն բժշկական միջամտության խնդիր չկա, սպասում ենք՝ օրգանիզմը հաղթահարի: Միակ հույսն Աստված է»,- ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկուհին: Նշենք, որ դաժան ծեծի արդյունքում Վահե Ավետյանի մոտ առաջացել էր ուղեղի հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Վիրահատությունը կատարած բժիշկը` նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը, որը Ավետյանի հետ նույն հոսպիտալում էր աշխատել, ավելի վաղ ասել էր, որ վիրահատությամբ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը:

2012 հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Երեկ ձերբակալվել է «Հարսնաքարի» անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը, իսկ ռեստորանային համալիրի աշխատակիցներից ոմանց հարցաքննել էին: Երեկ նաև հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անթույլատրելի և արդարացում չունեցող համարելով տեղի ունեցած միջադեպը: «Ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ, և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ»,- նշել էր Ռուբեն Հայրապետյանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողներին չհաջողվեց խոսել Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն, ինչպես նախկինում Հայրապետյանն էր պաշտպանում իր մտերիմ ընկեր Սամվել Ալեքսանյանին, այսօր այդ գործառույթը ստանձնել էր Սամվել Ալեքսանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Հարսնաքար»-ում տեղի ունեցած հանցագործության մեղավորները կպատժվեն: «Ինքը շատ ուժեղ ջղայնացել ա դեպքի հետ կապված, ինքը չի պատրաստվում ինչ-որ բան անել, օրենքը կանի»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա տեղեկություններով՝ Հայրապետյանը արդեն աշխատանքից ազատել է մեղավորներին, միաժամանակ հերքեց, որ այդ հանցագործության մասնակիցները որևէ ազգակցական կապ ունեն Հայրապետյանի հետ:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով ձերբակալվել են ռեստորանային համալիրի 4 աշխատակիցներ: Նրանցից 2-ն անվտանգության աշխատակիցներն են, մեկը`մենեջերը, իսկ մյուսը` մատուցողներից մեկը: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Արմեն Մալխասյանը` հավելելով, որ ձերբակալվածների անունները կհայտնի քիչ ուշ:

No comments:

Post a Comment