Popular Posts

Monday, June 11, 2012

գլխավոր դատախազը մինչ օրս շարունակում է շրջել Մանվել Ղարիբյանին պատկանող «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայով



«ՀԺ»-ն գրում է, որ Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրների հակամարտությունը երեկ նոր թափ է հավաքել: Այս հակամարտության առանձնահատկությունն այն է, որ կախված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անվան հետ և ձգվում է 5 տարուց ավելի:

«Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել և կառավարում էին պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, նրանց են պատկանում նաև «Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը և այսպես շարունակ: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ ծագեց, և նրանք դադարեցրին իրենց համատեղ գործունեությունը: Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը, և հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ իրավապահներն ամեն ինչ անում են մյուս եղբորը՝ Մանվել Ղարիբյանին ճնշելու համար»,- ապա թերթը հավելում է.

«Երեկ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քննիչները խուզարկության նպատակով այցելել են Մանվել Ղարիբյանին պատկանող «Արմ-Սվիթ» ընկերություն, որը հիմնադրվել է այն բանից հետո, երբ «Շանթ» գործարանը բաժանվեց երկու եղբայրների միջև: «Արմ-Սվիթի» իրավաբան Բագրատ Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն իրականացվել է Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի հատկանիշներով (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը) հարուցված քրգործի շրջանակներում: Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազար դրամ վարչական տուգանքից մինչև երեք ամսվա կալանք:

Ըստ իրավաբանի` իրենց ընկերությունը մի քանի տարի շարունակ հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործել է «Մագիա» և «Կոնյակով» ապրանքանիշերը, բայց դրանք պաշտոնապես չի գրանցել: Արդյունքում, այդ ապրանքանիշերը պաշտոնապես գրանցել է Վարշամ Ղարիբյանին պատկանող «Էկո-Ֆուդ» ընկերությունը: Ներկայումս այս երկու ընկերությունները դատարանում վիճարկում են այդ ապրանքանիշերը օգտագործելու իրավունքը: «Քննիչը, անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանում դեռևս քննվում է այդ ապրանքային նշանների գրանցման հարցը, որոշել է քրեական գործ հարուցել»,- ասել է Վարդանյանը:

Ըստ նրա` քննիչը որոշել է առգրավել ընկերության հաշվապահության համակարգիչները: «Ընկերությունն առանց հաշվապահության համակարգիչների չի կարող հաշվապահություն վարել, հետևաբար՝ չի կարող նաև գործունեություն ծավալել: Ընկերության աշխատողները, այդ ամենի մասին տեղեկանալով, ինքնաբուխ սկսեցին բողոքել քննիչների գործողությունների դեմ: Հետո եկան Մալաթիայի բաժնի ոստիկանները, և ի վերջո՝ քննիչներին հաջողվեց առգրավել համակարգիչը»,- պատմեց փաստաբանը: Նրա խոսքով, երեկ ողջ օրը ընկերությունը չի գործել, և դեռ չեն որոշել՝ նման պայմաններում «Արմ-Սվիթը» կկարողանա՞ գործունեություն ծավալել ու սովորականի պես պաղպաղակ, տորթեր և հրուշակեղեն արտադրել, թե՝ ոչ: Ըստ Վարդանյանի` իրենք պատրաստվում են բողոքարկել քննիչների գործողությունները:

Իհարկե, դժվար է ասել, թե այս՝ հերթական «ճակատամարտն» ինչպես կավարտվի, սակայն ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանն անցել է գրոհի և կրկին փորձում է ճնշել Մանվել Ղարիբյանին: Ի դեպ, գլխավոր դատախազը մինչ օրս շարունակում է շրջել Մանվել Ղարիբյանին պատկանող «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայով: Այս առնչությամբ Վարդանյանը մեր թղթակցին ասել է. «Մեքենայի հետ կապված դատարան չենք դիմել: Միայն այսքանը կարող եմ ասել»:

No comments:

Post a Comment