Popular Posts

Friday, December 23, 2011

ԼՂ հարցում Ռուսաստանը կփոխի՞ իր դիրքորոշումը



«Լեռնային Ղարաբաղի գործընթացում միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքրոշումը, Ռուսաստանն է»,- այսօր ներկայացնելով 2012 թ. հավանական զարգացումները՝ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը բավական պարզ է, Ադրբեջանինը` ևս, քանզի վերջինիս դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարություն է, որովհետև նրանք ուզում են ամեն ինչ կամ ոչինչ: Եվ այս դիրքորոշումները, ըստ Կիրակոսյանի, չեն փոխվի նաև գալիք տարում: Նրա դիտարկմամբ՝ չեն փոխվի նաև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները. «Միակ երկիրը Ռուսաստանն է, որը կարող է փոխվել, որովհետև վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիվացրել է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Կիրակոսյանի խոսքերով՝ Ռուսաստանն այնքան ուժեղ է Հայաստանում, որ Հայաստանը չունի որևէ լծակ ազդելու վերջինիս վրա այն դեպքում, երբ Ռուսաստանը ԼՂ հարցում փորձի դառնալ չեզոք կամ հակահայկական տրամադրվածություն ունենա։ «Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար` գերագնահատելով Ռուսաստանի արժեքը Հայաստանի համար»:

Ռիչարդ Կիրակոսյանը, ամփոփելով նաև 2011 թ. արտաքին քաղաքական զարգացումները, նշեց, որ Հայաստանն անցնող տարում մի շարք հաջողություններ է գրանցել: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում Հայաստանն ավելի ուժեղ դարձավ: «Նաև առաջին անգամ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է, քան Թուրքիայինը: Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,- նշել է քաղաքագետը և հավելել, որ 2012-ին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

No comments:

Post a Comment