Popular Posts

Monday, December 26, 2011

«Գազպրոմ»-ի պատվիրակությունը հրատապ մեկնում է Թուրքիա



Новый Регион-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա «Հարավային հոսք» գազատարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Խոսքը թուրքական տարածքով այդ խողովակաշարի անցկացման վերաբերյալ թուրքական կողմի թույլտվություն տալու և գազի գնի շուրջ համաձայնության գալու մասին է։

Միլլերի բանակցությունները միտված են երեկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Անդրանատոլիական» գազատարի կառուցման շուրջ կնքված հուշագրի «հավասարակշռմանը»։ Այդ գազատարի կառուցման դեպքում ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա, ինչպես նաև Թուրքիայի արևմտյան հատված, որոնցում էլ այն մրցակցության մեջ կմտնի ռուսական գազի հետ։

Այն, որ «գազպրոմյան» պատվիրակությանը սպասում են Թուրքիայում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, որը ռուսական կողմի հետ գազային բանակցություններ վարելու նպատակով պետք է Ռուսաստան ժամաներ դեռևս դեկտեմբերի 2-ին, սակայն այդ այցը հետաձգվել էր Ռուսաստանում նախընտրական կամպանիայի մեկնարկման պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Թուրքիան տալու է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջը։ Այդ գազատարով ռուսական գազը կհասցվի Թուրքիայի տարածքային ջրեր, որտեղից էլ կփոխադրվի դեպի Եվրոպա։

Ըստ Մեդվեդևի՝ «Հարավային հոսք» գազատարով ռուսական գազի փոխադրումը պլանավորված է սկսել 2015 թվականին, սակայն դրան ներկայումս խոչընդոտում է Թուրքիան, որը դեռ չի տվել իր տարածքային ջրերում ռուսական գազատարի կառուցման թույլտվությունը։


No comments:

Post a Comment