Popular Posts

Thursday, December 29, 2011

Թոնի Բլեերի արկածները


Ղազախստանի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները բաց նամակ են հղել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական հարցերով խորհրդական, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին: Նամակում ասվում է, որ Բլեերի`խորհրդականի պաշտոնում նշանակվելուց հետո, երկրում զանգվածային ցույցերը ճնշելու համար սկսել են ձեռնարկվել «արյունոտ մեթոդներ» (առաջին հերթին նկատի է առնվում Ժանաոզենում անկարգությունների մասնակիցների նկատմամբ գործադրված ուժը):
«Մարդկանց արյունը քո ձեռքերին է, Բլեեր» վերտառությամբ նամակի հեղինակները կոչ են անում նախկին վարչապետին թողնել խորհրդականի պաշտոնը և «չհամագործակցել հանցավոր ռեժիմի հետ»:
Նամակի հեղինակները նշում են, որ Բլեերը նախկինում եղել է նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի խորհրդականը, ինչի արդյունքում «առաջնորդը զենքն ուղղեց խաղաղ բնակիչների վրա`ցանկանալով ճնշել երկրում սկսված հուզումները»: «Լիբիայի արյունոտ տեսարանները կրկնվեցին Ղազախստանում»,- ասվում է նամակում:

Հոկտեմբերին խորհրդական նշանակված Բլեերը պետք է ղազախական իշխանություններին երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ խորհրդակցություններ տար: Իր աշխատանքի դիմաց, ինչպես գրել է Daily Telegraph-ը,նախկին վարչապետը կստանա մոտ 8 մլն ֆունտ (9.5մլն եվրո):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին`Ղազախստանի անկախության օրը, Ժանաոզեն քաղաքում բախումներ էին տեղի ունեցել նավթային ընկերությունների աշխատակիցների (նրանք բողոքում էին ցածր աշխատավարձից) և ոստիկանների միջև: Միջադեպի հետևանքով զոհվել էր 15 մարդ: Այսօր Ղազաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անկարգությունների մասնակից ոստիկանների նկատմամբ:

No comments:

Post a Comment