«Գնալով ահագնանում է ավերածությունը շրջաներում: Մենք խոսում ենք տեղահանությունից: Աչքներս բարձրացնենք և հիշեք, ով է իրականացրել 20-րդ դարում հայերի տեղահանությունը և հիմա ով է իրականացնում»,- անդրադառնալով Հայաստանի գյուղերում տիրող իրավիճակին, մասնավորապես Քաջարանի գյուղի հիմանխնդրին` լրագրողներին ասաց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Քաջարանի դեպքը շատ խորհրդանշական է` կարծում են Սարդարապատի նախաձեռնողները: «Խորհրդանշանական է` մի փոքրիկ գյուղ դուրս է գալիս «իշխանիկի» դեմ, որ իրեն համարում է Սյունիքի թագավոր, ում դեմ խաղ չի եղել այս տարիների ընթացքում: Սա գործընթաց է, որը չի ավարտվելու Քաջարանում: Ուղղակի Քաջարանը առաջին ծիծեռնակն է»,- ասաց Գարեգին Չուգասզյանը` կարծիք հայտնելով, որ անհանդուրժողականությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ չի մարել նաև հեռավոր գյուղերում:
«Ազատագրված տարածքները չեն բնակեցվում: Հայաստանը դատարկվում է արտագաղթի միջոցով, տարեկան առնվազն 30.000 մարդ լքում է երկիրը, ընտրություններից հետո ավելի կմեծանան արտագաղթի տեմպերը, քանի որ հիասթափություն կլինի: Երրորդ` արհեստականորեն տեղահանվում են գյուղերը այն էլ սահմանամերձ: Սա է պատկերը»,- ճակատագրական երեք դիտարկում կատարեց Հարություն Մեսրոբյանը:
Սարդարապատի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխութունը արդեն սկսվել է, և հեղափոխությունը չպետք է շփոթել հեղաշրջման հետ: Ըստ Սեֆիլյանի` Հայաստանում խաղաղ առանց ցնցումների իշխանափոխություն անելու հնարավորություն կա: «Եթե մենք լծվենք մեր ունեցած ծրագրին, չեմ բացառում, որ առանց ցնցումների հեղափոխությունը ստանա միս ու արյուն: Սակայն մենք գերին չենք դառնալու անցնցում իշխանափոխության»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
No comments:
Post a Comment