«Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի Գործունյանի խնդրի հետ կապված մեկնաբանություն է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
«Ես ցանկանում եմ ասել, որ «Փարիզյան սուրճ»-ն այս տարիների ընթացքում եղել է մեր միջին և միջինից բարձր հարկ վճարողներից, կատարել է իր հարկային պարտավորությունները։ Հարկային մարմնի կողմից 2009թ. հոկտեմբեր ամսին ստուգվել է ընկերության 2,5 տարվա գործունեությունը։ Ստուգումը, որն իրականացվել է, ընդգրկում էր 2,5 տարի։ Այս 2,5 տարվա համար առաջդրվել են հարկային պարտավորություններ՝ շուրջ 130 մլն դրամի։ Այնուհետև, քանի որ մենք ապրում էինք ճգնաժամային և հետճգնաժամային պայմաններում, փորձում էինք «Փարիզյան սուրճ»–ի և համանման մյուս կազմակերպությունների նկատմամբ ունենալ համեմատաբար մեղմ վարչարարություն, և բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք գործարարների կողմից բարձրացվեցին, հաշվի առնվեցին։
Ի օգուտ հարկ վճարողների՝ կայացվեց որոշում՝ Վալերի Գործունյանին առաջադրելով 53 մլն դրամի պարտավորություն, որից հետո տիկին Գործունյանը գանգատարկել էր այդ 53 մլն դրամի որոշումը։ Դատարանը բավարարեց նրա պահանջի 5 մլն դրամը, իսկ մնացած 48 մլն–ը նա պետք է վճարեր։ Կրկնում եմ, սա վերաբերում է 2009թ–ին»,– խնդիրը ներկայացրեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Վալերի–Աշխեն Գործունյանը 2010թ դիմել է հարկային մարմիններին, որպեսզի կնքվի համապատասխան հաշտության համաձայնագիր, ինչին իրենք տվել են դրական կարծիք՝ պատրաստակամություն հայտնելով կնքելու նաև համապատասխան ժամանակացույց պարտքի վճարումը հետաձգելու համար։ «Սակայն այդ պատասխանից հետո տվյալ բիզնեսի կողմից մեզ ներկայացվել է ոչ միայն հարկային պարտավորության՝ պարտքի մասով ժամանակացույցը (48 մլն–ի), այլ այդ ընթացքում առաջացած ընթացիկ հարկային պարտավորությունները, այսինքն՝ արդեն ժամանակացույցի պահանջ ներկայացվեց ոչ միայն պարտքի մասով, որի օրենսդրական հիմքերը մենք ունենք, այլև նոր առաջացած հարկային պարտավորությունների մասով, որի օրենսդրական հիմքը մենք չունենք»,– ասաց նա։
Ալավերդյանը նշեց, որ այդ ամենից հետո գործարարը օգոստոս ամսին որոշում կայացրեց վաճառել ընկերության մի մասը, և «Փարիզյան սուրճ» կազմակերպությունն, ըստ էության, դադարեցրել է իր գործունեությունը։ Միաժամանակ, ըստ նրա, Գործունյանը սկսել է և շարունակում է գործունեություն իրականացնել մեկ այլ կազմակերպության միջոցով, որն այժմ կոչվում է «Փարիզյան սուրճ ֆակտորի»։
«Այստեղ գործերը, կարծում եմ, նորմալ են, հարկային մարմինը որևէ վարչարարական լծակ չի կիրառել, որովհետև մեր աչքի առաջ այդ կազմակերպությունը իր հարկերը վճարում և նորմալ գործունեություն է իրականացնում։ 2010թ. չորս–հինգ ամիսների ընթացքում ընկերությունն ունեցել է 90 մլն համախառն եկամուտ, վճարել է 5.5 մլն ընդհանուր հարկեր։ 2011թ. համար այն ունեցել է 225 մլն շրջանառություն՝ վճարելով 24.8 մլն դրամի հարկ։ Աշխատողների թիվը տասնութ մարդ է։ 2010թ. օգոստոսից մինչ այժմ միայն հարկային չափագրում է եղել շրջանառության ծավալը ֆիքսելու համար, որից հետո հուլիս ամսին արձանագրվել է 50%, իսկ հոկտեմբեր ամսին 37% շրջանառության աճ։ Ստուգման այլ ձև, ինչպես օրինակ բյուջեի, հարկային պարտավորություն առաջադրող, տուգանք պարունակող որևիցե գործողություն մենք չենք իրականացրել։
Զարմանքս այն է, որ այս վեճը, խնդիրը եղել է ավելի քան մեկուկես տարի առաջ և թվում է, որ ժամանակին հարթվել է, և դրա մասին է վկայում այն, որ տիկին Գործունյանը այլ ընկերության միջոցով գործունեություն է իրականացրել, և այժմ վարչարարական խնդիրներ չունի։ Նրա հարցազրույցում ես որոշակի հուզականություն եմ նկատում, չեմ կարծում, որ նրա ամբողջ որոշումը կայացվել է 2010 թվականի գործողությունների հետ կապված։ Ես չգիտեմ, նա կտեսնի այս հարցազրույցը, բայց շատ կցանկանայի որ տեսներ, անդրադառնար իմ բերած փաստերին ու կշռադատեր իր անելիքն ու ասածը»,– հայտարարեց Ալավերդյանը։ Ինչ վերաբերում է գործարարին 24 ժամ տալուն, ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ նման որևէիցե դրույթ օրենսդրությունում չկա, այսինքն՝ որևէ մեկն իրավունք չունի նման պահանջ ներկայացնելու։
No comments:
Post a Comment