Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը զրպարտություն է համարում մամուլում հրապարակված այն լուրերը, թե ինքը Գորիսի պետական համալսարանը ծառայեցնում է որպես տղաներին բանակից ազատելու միջոց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Յուրի Սաֆարյանը` անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, որում մասնավորապես նշվում էր. «Ըստ մեր տեղեկությունների՝ ուսանողներն ընդունվում են «մաղարիչով», միայն թե բանակ չգնան: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Սաֆարյանը հավելյալ փող է վերցնում և ամեն ինչ անում է, որպեսզի տղաները զինված ուժերում չհայտնվեն»:
«Մենք ընդունելության քննությունների` հատկապես տարկետման իրավունքով քննությունների հետ բացարձակապես կապ չունենք: Դա կազմակերպվում է գնահատման կենտրոնի կողմից, որի արդյունքում ուսանողը սերտիֆիկատով գալիս է մեզ մոտ, և մենք անգամ մի ստորակետ փոփոխելու իրավունք չունենք»,- հայտարարեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորը` մանրամասնելով, որ իրենք որևէ ձևով չեն կարող ազդել ընդունելությունների քննությունների արդյունքների վրա: «Ոչ միայն ես, այլ ոչ մի ռեկտոր չի կարող ազդել ընդունելության քննությունների վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե ռեկտորի տղան` Արեգ Սաֆարյանը մի կնոջ վրաերթի ենթարկելուց հետո մինչև հիմա ազատության մեջ է գտնվում, Յուրի Սաֆարյանը պարզաբանեց հետևյալը. «Ոչ մի հայր, ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան ինչ-որ մարդու գցի մեքենայի տակ: Այդ դեպքը այսպես է եղել. իմ տղան մեքենայով կանգնած է եղել հրապարակում, շարժվելուց տեսել է ընկած կնոջ, որին վերցրել և տարել է հիվանդանոց: 84 տարեկան կին է եղել, անգամ շնորհակալություն է հայտնել տղայիս օգնության համար: Էդ կինը հիվանդանոցում մահացել է: Ամեն դեպքում քրեական գործ է հարուցվել, դատախազը առաջարկել է 2 տարի, դատարանը մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով, որ երիտասարդ է, առաջին անգամն է, մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել»:
Անդրադառնալով մամուլի հրապարակած այն տեղեկությանը, թե ինքը մտերիմ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և վերջինիս խորհուրդ է տվել դառնալ պատմական գիտությունների թեկնածու, Յուրի Սաֆարյանն արձագանքեց. «Մենք մանկության ընկերներ ենք, մի բակում ենք մեծացել, բայց ես ոնց կարող եմ մարզպետին խորհուրդ տալ պատմական գիտությունների թեկնածու դառնալ: Չնայած ասեմ, որ Սուրիկ Խաչատրյանը շատ լավ գիտի Սյունիքի պատմությունը, և եթե ինքը տեղին համարի, այդ ուղղությամբ քայլեր կանի»: Ի դեպ, Գորիսի պետական համալսարանի ռեկտորն ընդգծեց, որ Գորիսի ծայրամասերում աշխատում են բացառապես իրենց համալսարանի շրջանավարտները: «Եվ այդքան երիտասարդներին տեղում պահելը, միգրացիայի դեմն առնելը, կարծում եմ, իրոք, շնորհակալ գործ է»,- եզրափակեց Յուրի Սաֆարյանը:
No comments:
Post a Comment