«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ևս մեկ անգամ համոզեց, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ֆրանսիան ունի ուրույն դեր ու նշանակություն»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Ֆրանիսայի Ազգային ժողովի կողմից ընդունված նախագիծը։
«Ոչ միայն այս որոշման ընդունումը, այլև դրան նախորդած ամբողջ աղմուկն ապացուցեց, որ հայ–թուրքական Արձանագրությունները ոչ միայն չխոչընդոտեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, այլև որոշակի իմաստով նաև իրենց նպաստը բերեցին այդ գործին»,– նշեց Բեքարյանը՝ պարզաբանելով, որ եթե մինչ Արձանագրությունների ստորագրումը աշխարհում շատերը չգիտեին Թուրքիայի իրական կերպարը, ապա այս Արձանագրությունների ստորագրումից ու դրանից հետո Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրելուց հետո աշխարհում շատերը հասկացան Թուրքիայի իրական դեմքը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը, Բեքարյանի խոսքով, մեկ այլ կարևոր հանգամանք էլ արձանագրեց՝ այս հարցը ներմուծվեց թուրքական հասարակություն ու դարձավ բուռն քննարկման առարկա, ինչը չի կարող իր հետևանքները չունենալ։ Վերլուծաբանի խոսքով՝ պակաս կարևոր չէր այն, որ այս օրերին համաշխարհային լրատվամիջոցները, ուշադրության կենտրոնում պահելով օրենքի ընդունման հարցը, մեծ նպաստ բերեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանրական գործընթացին։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է Ֆրանսիայի հիշյալ որոշումը օրինակ դառնա նաև այլ երկրների համար, Կարեն Բեքարյանը պատասխանեց, թե շատ ճիշտ էր ընտրված բանաձևի էությունը, քանի որ այն ուղղված էր ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, այլև առհասարակ ռասիզմի դեմ պայքարին, «ինչն այսօր ակտուալիզացված է եվրոպական մյուս երկրների համար ևս»։ Ուստի, ըստ Բեքարյանի, Ֆրանսիայի քայլը կարող է օրինակ դառնալ նաև եվրոպական մյուս երկրների համար։
«Թե ինչ զարգացումներ կլինեն հետո Ֆրանսիայի իրավական դաշտում, այս պահին դժվար է ասել, բայց այս պահին այս օրենքի ընդունումն իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանրական գործընթացի համար»,– եզրափակեց Բեքարյանը։
No comments:
Post a Comment