Popular Posts

Saturday, December 24, 2011

Իրանի ռազմա-ծովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Օրմուզի նեղուցում


Իրանի ռազմա-ծովային ուժերն այսօր «Վելայաթ-90» ծածկանվամբ լայնածավալ զորավարժություններ են սկսել Օրմուզի նեղուցում: Ինչպես հաղորդում է իրանական հեռուստաալիքը` զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն սպառազինության նոր տեսակներ, այդ թվում` հրթիռային:
Իրանի ռազմա-ծովային ուժերի հրամանատար, ադմիրալ Հաբիբոլա Սայարին ընդգծել է, որ զորավարժություններն իրենցից վտանգ չեն ներկայացնում, պարզապես անցկացվում են երկրի պաշտպանական պոտենցիալը ստուգելու նպատակով: Դրանք նաև « բարեկամության ուղերձ են աշխարհի և տարածաշրջանի երկրներին»:
Վերջին օրերին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Փարվիզ Սարվարին հայտարարել էր, որ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը մոտ ժամանակներում ծրագրում է անցկացնել զորավարժություններ, որոնց ընթացքում կմշակվեն Օրմուզի նեղուցը շրջափակելու տարբերակներ: Ինչից հետո ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրանը չի ծրագրում շրջափակել նեղուցը:
«Մենք պարբերաբար հայտարարում ենք, որ նեղուցի շրջափակումը չի մտնում Իսլամական Հանրապետության ծրագրերի մեջ»,- ասել էր նա:
Իր հերթին ադմիրալ Սայարին հայտարարել է, որ ռազմա-ծովային ուժերն ամբողջությամբ վերահսկում են նեղուցը և պատրաստ են շրջափակել այն Իրանի իշխանություններից նման հրահանգ ստանալու դեպքում:
Նեղուցը հատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միավորում է Պարսից և Օմանի ծոցերը, և կարևոր զարկերակ է նավթի համաշխարհային մատակարարումների համար: Իրանցի որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Իրանի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, նեղուցը կշրջափակվի (նեղուցի երկարությունը մոտ 200կմ է):

No comments:

Post a Comment