Popular Posts

Thursday, December 22, 2011

Ֆրանսիան մարդու իրավունքների բնօրրան

Թուրքիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, «չեղյալ է հայտարարում թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջքի թուլատվությունը»- այդպես է Էրդողանը արձագանքել Ֆրանսիայի Ազգային ժողովի` այսօր ընդունած որոշմանը, որով  Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:

Անհասկանալի է Ստամբուլում լույս տեղնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի գնահատականը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ. - «Սա երկու կողմ ունի: Նախ, որ այսուհետ Ֆրանսիայում պետք է արգելվի Հայոց ցեղասպանության փաստի ուրացումը: Խնդրի երկրորդ կողմը կարծիքի ազատության խափանում է: Եթե հանկարծ որեւէ գիտնական կամ մտավորական կասկածի տակ դնի Ցեղասպանության հարցը... Ես չեմ ուզի, որ մտավորականը պատժվի՝ կասկածներ հայտնելով, բայց նաեւ չէի ուզի, որ որեւէ մեկը Ցեղասպանությունն ուրանալու համարձակություն ունենար»: 

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանն ասաց, որ Թուրքիան «շատ մանրակրկիտ էր հետեւում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցածին»: Նա, մասնավորապես, ասաց, որ առավոտից Թուրքիայի հիմնական հեռուստաընկերությունները ժամերով եթեր էին հեռարձակում Ֆրանսիայի խորհրդարանի նիստը:

«Եվ զգուշացնում են, որ այս օրինագիծը շատ լուրջ հետեւանքներ պիտի ունենա: Ընդհանրապես, այստեղ միշտ շեշտը դնում են այն իրողության վրա, որ 500 հոգանոց խորհրդարանից 50 երեսփոխաններ են մասնակցել քննարկմանը», - նշեց Հաթեջյանը:

Թուրք պաշտոնյաներն արդեն հանդես են գալիս հակադարձումներով: Թուրքիայի դեսպանը վաղն «անորոշ ժամանակով» կլքի Փարիզը` այդպիսով արտահայտելով իր բողոքը։ Այդ մասին հայտարարել է դեսպանատան մամուլի խոսնակը: Բացի այդ, Թուրքիայում հայտարարություններ են հնչում Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը խզելու վերաբերյալ:

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանն ասում է, որ անկախ այդ հայտարարություններից, Թուրքիայի իրական քայլերի մասին խոսելը դեռ վաղ է:

Ի դեպ, Թուրքիայի փոխվարչապետը Twitter-ում քննադատելով Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը՝ գրել է, թե դա «ստվեր է գցում պատմական արդարության վրա»:

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագիծը, հայտարարել է, թե Ֆրանսիայի դիրքորոշումն ընդգծում է անհրաժեշտութունը, որ Ամերիկայի նախագահն ու Կոնգրեսը վերջնականապես պետք է հաղթահարեն Թուրքիայի դիմադրությունը եւ դատապարտեն մարդկության դեմ անպատիժ մնացած հանցագործությունը:

«Մենք հորդորում ենք Օբամային կատարել խոստումը, եւ Ներկայացուցիչների պալատին հորդորում ենք ճանաչել Ցեղասպանությունը եւ թիվ 304 բանաձեւը ներկայացնել քվեարկության», - ասել է Համբարյանը:


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ։

«Այսօր, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։
 
«Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում։

No comments:

Post a Comment