2011 դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա բարեգործական դրամահավաք – ճաշկերույթում հավաքվել էաննախադեպ մեծ գումար` 18 մլն 635 հզար դոլարի խոստում: Աննախադապ էր նաև այն, որ շատերի նկատմամբ ռուսաստանցի հայ գործարարները պետք է որ այս տարի այնքան էլ ոգևորված չլինեինայս միջոցառմանն իրենց մասնակցությամբ: Սակայն գումարը ոչ միայն հավաքվեց, այլև հավաքվեց աննախադեպ մեծ գումարի խոստում:
Ինչո՞վ էր պայմանավորված այս հանգամանքը: Նախ նշենք, որ գումարի մեծ մասը` 11 մլն դոլարը խոստացել են ոչ թե ռուսաստանաբնակ գործարարները, այլև ... հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Այսպիսով, «ռուսաստանցիների» խոստումը կազմում է մոտ 7,5 մլն դոլար: Սակայն այս թիվն էլ չէր հավաքվի, եթե այս հարցում իր ակտիվ դերը չկատարեր հայտնի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, քանզի բոլորի համար պարզ է այս գործարարի տեղն ու դերը Ռուսաստանի հայկական բիզնես միջավայրում:
Այսպիսով, հակառակ տարբեր կանխատեսումների, Կարապետյան եղբայրները որոշում կայացրեցին «Տաշիր» բարեգործական միության միջոցով օգնություն ցուցաբերել Հայաստանին` ավելի քան 1 մլն դոլարի չափով: Ինչո՞վ էր պայմանավորված նրանց այդ որոշումը: Բանն այն է, որ 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, վերջինիս նախաձեռնությամբ որոշում էր կայացվել, ակտիվ աշխատանքներ տանելու ռուսաստանցի մի շարք գործարարների հետ` Հայաստանում ակտիվ ներդրումներ իրականացնելու համար:
Ռուսական այդ բիզնես – միջավայրի առանցքը, բնականաբար, կազմում էին Կարապետյան եղբայրները: Սերժ Սարգսյանի առաջին քայլն այն էր, որ իր հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: Այս նշանակումով գործող նախագահը հույս ուներ, որ Սամվել Կարապետյանի շնորհիվ ռուսաստանցի շատ գործարարներ ներդրումներ կիրականացնեն Հայաստանում:
Դեռ ավելին, Կարեն Կարապետյանին համարում էին Հայաստանի ապագա վարչապետ: Համեստ Կարապետյանը մի կողմից պետք է լիներ ռուսական սպասվելիք ներդրումների երաշխիքը, մյուս կողմից նրա համեստությունը այն երաշխիքն է, որ ավելորդ գրգռիչ գործոն չպետք է լիներ Սերժ Սարգսյանի համար:
Սակայն այս ծրագրերը չէին կարող տեղավորվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մոտ, ով խանդով էր վերաբերվում ցանկացած պոտենցիալ վարչապետի թեկնածուի, որովհետև ինքը`Միշիկը, լուրջ ծրագրեր ուներ` կապված 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ:
Միքայել Մինասյանի շնորհիվ սկզբից թուլացվեց Հովիկ Աբրահամյանը, հետո` «խաղից դուրս բերվեց» նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերվում էր Կարեն Կարապետյանին, ապա վերջինիս հանդեպ բոլոր «մուտիլովկաները», որոնք բնականաբար կազմակերպվում էին Միշիկի կողմից, «տեղ չէին հասնում», քանի որ Սերժ Սարգսյանը դեռ հույսեր չէր կորցնում Սամվել Կարապետյանի հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումից:
Պետք է նշել, որ Կարեն Կարապետյանը, փեսայի ինտրիգներից հոգնած, մի քանի անգամ փորձ էր արել հեռանալ իր այդ պաշտոնից, սակայն նրան այդ քայլից հետ էին պահում ՀՀԿ-ի վերնախավի մի շարք անդամներ և Սերժ Սարգսյանը:
Սակայն, երբ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» շնորհիվ երկրի տնտեսությունը կանգնեց փլուզման առջև` ստեղծված վատ բիզնես – միջավայրի պատճառով, պարզ դարձավ, որ այսպիսի պայմաններում ոչ ռուսական, ոչ էլ այլ լուրջ ներդրումներ չէին կարող լինել երկրում, երբ որ սեփական կապիտալն է «փախչում» Հայաստանից: Այս պայմաններում, բնականաբար, Կարեն Կարապետյանը արդեն իրենդիսկոմֆորտ էր զգում` աշխատելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, և զգալով իր հետևից Միքայել Մինասյանի «ոչ բարյացակամ շունչը» ` առանց երկմտելու հեռացավ Բաղրամյան 26-ից: Որից հետո, Կարապետյան եղբայրների հարաբերությունները գործող նախագահի հետ «սառեցին»:
Պետք է նշել, որ այս հարաբերությունների փչացման իրական պատճառը Միքայել Մինասյանը չէր, դա հետևանք էր: Այս ամենի գլխավոր պատճառը ներկայիս վարչապետի «բարեշրջումներն են», որի արդյունքում Հայաստանի բիզնես միջավայրը օր օրի վատթարանում է, արդյունքում Հայաստանից «փախչում են» և կապիտալները, և մարդիկ` լրացնելով արտերկրում Տիգրան Սարգսյանի կողմից թմբկահարված «Հայկական աշխարհի» շարքերը:
Եվ այս համատեքստում շատ կարևոր էր, որ ռուսաստանաբնակ հայ գործարարները «ճիշտ» հետևություն անեն և Սերժ Սարգսյանի պատճառով Հայաստանին «մեջքով չթեքվեն»: Դեկտեմբերի 21-ի ճաշկերույթը և Կարապետյան եղբայրների վերջին որոշումը ցույց տվեց, որ ռուսաստանցի հայ գործարարները հենց այդ «ճիշտ» որոշումն էլ կատարել են:
Մնում է մենք էլ, հայաստանցիներս, մեր կողմից «մեր ճիշտ որոշումը» կայացնենք` գալիք տարվա մայիսին, որպեսզի Հայաստան – սփյուռք կապը գործնական իմաստ ստանա, և արդյունքում Հայաստանի տերը դառնան ոչ թե «բարեշրջողներն» ու «մուտիլովշիկները», այլ` մենք:
No comments:
Post a Comment