Popular Posts

Wednesday, December 14, 2011

Երևանում նոր ճանապարհ կկառուցվի


ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսված է ապամոնտաժել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող «Արաբկիր-Քանաքեռ» վազուրդի 4,475 մ երկարության երկաթուղային գիծը` այդ հատվածում ճանապարհ կառուցելու նպատակով: Վաղը կառավարության նիստում նախատեսվում է հաստատել Երևանում նոր ճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը: «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ճանապարհի նախագիծ, որի առաջին փուլը` մոտ 2.5 կմ երկարությամբ, Կ. Ուլնեցու փողոցը կկապի Ռուբինյանց փողոցի հետ՝ բեռնաթափելով Դ. Անհաղթի, Ռուբինյանց փողոցների, Ռուբինյանց-Պ. Սևակի փողոցների խաչմերուկի երթևեկությունը, կապահովի մոտեցում այդ ճանապարհին կից նախկինում վաճառված հողամասերի համար։ Հետագայում` հաջորդ փուլերով, ճանապարհը կհասնի մինչև Ազատության պողոտա, Հ. Քոչարի փողոց և Կոմիտասի պողոտա, ինչպես նաև կստեղծվի ճանապարհային հանգույց և ուղեանց, որը 1-ին փուլում կառուցված ճանապարհահատվածը Ռուբինյանց փողոցի վերջնամասում կկապի դեպի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններ տանող ճանապարհների հետ: Արդյունքում ճանապարհի կառուցումից հետո նրան կից կառաջանան որոշակի ազատ հողատարածքներ` շուրջ 1.4 հա մակերեսով, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել բնակելի տներ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար: 


Այդ կապակցությամբ ՀՀ Երևանի քաղաքապետարանին ներդրումային ծրագիր է ներկայացրել «Դորոժնիկ» ՍՊԸ–ն: Ընկերությունը պատրաստակամ է ճանապարհի 1-ին փուլի 850.0 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շուրջ 2.5 կմ երկարությամբ, Կ. ՈՒլնեցու փողոցից մինչև Ռուբինյանց փողոց (առանց ուղեանցերի և ճանապարհային հանգույցների) հատվածի շինարարությունն իրականացնել 560.0 մլն դրամով: Արդյունքում, ընկերությունը ձեռք կբերի 1.4 հա հողատարածք (ճանապարհի շինարարության ավարտից հետո նշված հողատարածքների գինը կարող է աճել), որի սահմաններում կարող է կառուցել բնակելի առանձնատնային (2-3 հարկանի) թաղամաս՝ իր հասարակական նշանակության շինություններով:

Ըստ ընկերության նախնական հաշվարկների՝ տարածքում կարող է տեղակայվել 15-20 2-3 հարկանի առանձնատներ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ 5-7 միավոր հասարակական նշանակության շինություններ: Այս ամենի արդյունքում, 2-3 տարվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 4000 քմ բնակելի տարածք և մոտ 600-1000 քմ հասարակական նշանակության շինություններ: Դրանց շինարարության արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների, կկազմի շուրջ 1,000.0 մլն ՀՀ դրամ:

Կառուցված բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների և հողամասերի վաճառքից ընկերությունը կունենա շուրջ 1,000.0-1,200.0 մլն դրամի լրացուցիչ հասույթ, որը կկոմպենսացնի և՛ ճանապարհի 1-ին փուլի շինարարության նախահաշվային ու պայմանագրային արժեքների տարբերությունը, և՛ ներգրավված վարկային դրամական միջոցների սպասարկման գումարները, և՛ արդյունքում ընկերությունը ամբողջ ծրագրից կարող է շահույթով դուրս գալ: Այստեղ ամենամեծ ռիսկը կառուցված շինությունների գների էժանացումն է այսօրվա շուկայական գներից, կամ վաճառքի ձգձգումը:

1 comment:

  1. Հիշեցնենք, որ 2009թ-ին 'Սեւանա լճի բնապահպանական ծրագրի' շրջանակում անցկացված Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման համար միջազգային մրցույթ էր հայտարարվել, և կառավարությունը հրավիրած նիստում հաստատել էր մրցույթի ամփոփումը եւ 4 մլրդ 561 մլն եվրո (առանց ԱԱՀ) արժեքով հաղթող ճանաչել 'Գրիառ' ՓԲԸ-ի 'Դորոժնիկ' ՍՊԸ կոնսորցիումին: Նշենք, որ մեր երկրում 'Գրիառը' հայտնի է որպես 'տնաքանդ' կազմակերպություն, քանի որ վերջինս Բուզանդի փողոցի բնակիչներին արյան գնով տեղահան անող ու 'էլիտար շենքեր' կառուցող առաջին կազմակերպություններից էր: Որպես կանոն, բոլոր այս կարգի մրցույթներում հաղթող է ճանաչվում հենց այս կազմակերպությունը, որը 300 խոշոր հարկատուների ցանկում շինարարական կազմակերպությունների շարքում վերջին տեղերում է:

    ReplyDelete