Popular Posts

Tuesday, December 20, 2011

Ուզում ես հայրենասիրական ձգտումներով հայկական ապրանքը նաղդես ինձ վրա


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուշադրության շնորհիվ «Հայաստան» հանրախանութում նկատված ադրբեջանական մակնշմամբ սխտորի առկայությունն այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցներին դրդել էր անցկացնել սեփական հետաքննությունը։ Արդյունքում պարզվել էր, որ ոչինչ պարզ չէ. սխտորն արտադրված է Ադրբեջանում, թե չինական արտադրության սխտոր է, որ նախատեսված էր Ադրբեջանի համար, Թուրքիայից կամ Վրաստանից հայ գործարարների ներմուծած խմբաքանակ է, Խորվաթիայի արտադրության սխտոր է, ինչպես նշվում է ապրանքային կոդի վրա, թե այս վարկածներից ոչ մեկը, իրականում ոչ ոք չի փորձել պարզաբանել։
Մեկնաբան Արամ Աբրահամյանը «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի տաղավարում նշեց, որ առհասարակ ճիշտ չէ ավելորդ կասկածամտությամբ, «պարանոյայով կամ դավադրության տեսություններով» ապրանքին վերաբերվել։ «Եթե մենք արտադրենք բավականաչափ այդ արտադրանքից, և այն լինի էժան, (ի վերջո, Հայաստան բերում է հայ բիզնեսմենը, չէ՞) ոչ մի բիզնեսմեն չի մտածի այն բերել որևէ ուրիշ տեղից՝ Ադրբեջանից, թե Թուրքիայից, թե Չինաստանից։ Առավել ևս, որ խոսքը հրթիռների մասին չէ, խոսքը սխտորի մասին է, որը մենք՝ հայերս կարող ենք արտադրել, ուղղակի պիտի լավ աշխատի մեր գյուղատնտեսության նախարարությունը»։
Ըստ մեկնաբանի՝ ճիշտ չէ քաղաքական դրդապատճառներով ապրանքներ բոյկոտել, և բոլոր նրանց, ովքեր փորձում են բոյկոտել թուրքական արտադրանքը, նա տեղեկացրեց, որ ամանորյա փաթեթը Ծաղկաձորում՝ երկու հոգու համար երկու օրով, արժե 700 հազար դրամ, մինչդեռ այդ գումարով երկու հոգով Թուրքիայում, ինքնաթիռով գնալ-գալով, հնարավոր է շատ լավ հանգստանալ, ուտել-խմել։ «Հիմա դու ուզում ես հայրենական անորակ ապրանքը նաղդես ինձ վրա և հայրենասիրական ձգտումներով թույլ չտաս, որ ես օգտվեմ արտասահմանյան ապրանքներից։ Դա սխալ է։ Եթե ես այնքան շնորհք չունեմ, որ չեմ կարողանում արտադրել, ներեցեք արտահայտությանս, որակյալ զուգարանի թուղթ, ուրեմն իրավունք չունեմ ասելու՝ չօգագործեք այն՝ ուրիշ երկրից բերածը»։
Ըստ մեկնաբանի՝ բոյկոտի լավագուն դրսևորումը կլինի հայկական արտադրությունը զարգացնելը, իսկ տվյալ դեպքում. «միակ խնդիրը, որ կա, անվտանգությունն է, և դրանով պետք է լրջորեն զբաղվեն անվտանգության մարմինները»։ 

No comments:

Post a Comment