Popular Posts

Tuesday, December 20, 2011

Ռուսաստանն Իվանիշվիլիի օգնությամբ անկարգություններ է ծրագրում Վրաստանում


Վրացի պատգամավոր Գիա Տորտլաձեն խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է, թե վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի փողերով փորձում է գնել վրացական կուսակցություննները։
Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, պատգամավորը հավելել է, թե ինքն անհերքելի «տեղեկություններ» ունի այն մասին, որ վրացական քաղաքական դաշտում «մեծ չափերի ռուսական փողեր են շրջանառվում»։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին շրջանում Վրաստանի քաղաքական դաշտում մեծ չափով ռուսական փողեր են տարածվում։ Բիձինա Իվանիշվիլիի ակտիվանալը դրա ապացույցն է։ Նա ռուս օլիգարխ է, այլ ոչ թե վրացի քաղաքական գործիչ, և փորձում է գնել վրացական կուսակցությունները»,– ասել է նա։
Պատգամավորը, վկայակոչելով Իվանիշվիլիի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկին, ասել է, որ Իվանիշվիլին  «ամբողջովին ֆինանսավորում է «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիդ Ուստուպաշվիլիին, Պահպանողական և Ժողովրդական կուսակցությունների առաջնորդներին»։ «Այդ փողերով նրանք փորձելու են ներքին անկարգություններ հրահրել»,–հավելել է նա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Իրակլի Ալասանիան և Դավիդ Ուստուպաշվիլին համաձայնել են Իվանիշվիլիի հետ (վերջինիս կողմից կուսակցութուն ստեղծելուց հետո) կոալիցիա ձևավորել։ «Երեք քաղաքական սուբյեկտների առաջնորդները համաձայնել են, որ Բիձինա Իվանիշվիլիի կողմից կուսակցություն ձևավորելու գործընթացի ավարտից հետո քաղաքական կոալիցիա է ձևավորվելու»,–հաղորդել էր վրացական Newsgeorgia.ru կայքը։
Հաղորդվում էր, որ Իվանիշվիլին արդեն խորհրդակցություններ է անցկացնում Պահպանողական և Ժողովրդական կուսակցությունների հետ։

No comments:

Post a Comment