Popular Posts

Tuesday, October 15, 2013

Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը չի կարծում, թե Մոսկվայում միգրանտների դեմ ճնշումները սկսվել են այս կիրակի օրը՝ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլյովո շրջանում, երբ բնակիչները բողոքի էին դուրս եկել ընդդեմ համայնքում աշխատող միգրանտների: Նրա խոսքերով՝ դրա հիմքը շատ ավելի խորն է, ամեն ինչ սկսվել է դեռևս 10-15 տարի առաջ, և ցավոք սրտի, ամենավատ վիճակում գտնվում են Մոսկվայում բնակվող հենց հայ միգրանտները, քանի որ ի տարբերություն այլ ազգերի՝ նրանք այլընտրանք չունեն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ եթե օրինակ Տաջիկստանը, Ուկրաինան ունեն այլընտրանք, Հայաստանը՝ չունի. «Ինչո՞վ պետք է պաշտպանվի կովկասյան ուղղությունը: Շատ վատ վիճակում են հայերը՝ այսօր գյուղերում միայն կանայք են մնացել, ու երկու կոպեկ գումար ուղարկելու համար չեք պատկերացնում, թե ինչերի միջով են անցնում: Ես այս միջադեպը բնավ նկատի չունեմ:

Ինչո՞վ են պաշտպանվելու, եթե միայն քվոտայով է աշխատանքը, նույնիսկ առևտրի ոլորտներում չեն թողնելու աշխատել, միայն շինարարական՝ այն էլ ռուսական շրջաններում»:

Ինչ վերաբերում է կոնկրետ կիրակի օրվա միջադեպին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդպիսի սպանություններ պարբերաբար լինում են՝ և՛ ռուսների, և՛ կովկասցիների ձեռքով, սա նորություն չէ, բայց ամեն անգամ միգրանտների դեմ պայքարում վտանգված են հենց հայերը. «Բոլոր երկրներն էլ ունեն ուղղություն՝ որոշ չափով պաշտպանվելու և թեքվելու Ռուսաստանից, բայց Հայաստանը... Չեմ ուզում վատ իմաստով առանձնացնել հայերին, ճիշտ հասկացեք, բայց սարսափելի է վիճակը:

Հարյուրավոր հայերի տներ են մտնում, հարևաններն ասում են, որտեղ է կովկասցի ապրում, և այսպես գտնում են... Մոտ 80 տոկոսն առանց քվոտայի աշխատանքի իրավունք չունի, ո՞վ է այդ մարդկանց պաշտպանելու, եթե օրենքն իրենց դեմ է»:

Արբակ Խաչատրյանի գնահատմամբ՝ այս միջադեպն ունի և հետագայում էլ կունենա շարունակություն. «Անպայման կլինի՝ ամենաթույլ տեղն է ազգային հարցը, որոշ ռուսական քաղաքական դեմքեր (եթե կարելի է նրանց այդպիսին համարել) օգտագործում էին այդ հարցը տարիներ շարունակ՝ ձայն հավաքելու համար: Հիմա եթե արդեն խտրականություն կա առ այն, որ ցանկացած մարդու համար օրենքը պետք է հավասար լինի, իսկ այստեղ օրենքը հավասար չէ, և հետևաբար ազգային խտրականությունը կա՝ պրովոկացիան միշտ կլինի»,- եզրափակեց նա: 

Հիշեցնենք, որ կիրակի օրը Մոսկվայի Արևմտյան Բիրյուլյովո շրջանում աննախադեպ փողոցային զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Բնակիչները բողոքի են դուրս եկել ընդդեմ համայնքում աշխատող միգրանտների, որոնց ապօրինություններն արդեն, նրանցից շատերի պնդմամբ, լցրել են իրենց համբերության բաժակը: Վերջին կաթիլը եղել է հոկտեմբերի 10-ին, երբ անհայտ անձը Մոսկվայի հարավում դանակահարել է ռուսաստանցի երիտասարդ Եգոր Շչերբակովին՝ նրա ընկերուհու աչքի առաջ, ապա փախուստի դիմել: 

Խուլիգանության հիմքով գործ է հարուցվել: Անկարգությունների հետևանքով տուժել է վեց ոստիկան: Մարդասպանը հայտնաբերվել է. նա ադրբեջանցի միգրանտ է:

No comments:

Post a Comment