Popular Posts

Wednesday, October 2, 2013

Այս տարվա սեպտեմբերին պետք է շահագործման հանձնվեր Գյումրու անօթևանների համար կառուցվող 420 բնակարան, սակայն դրանց տեղում առայժմ 2 հատ 2 մետրանոց դատարկ փոս է:

Վերջերս Գյումրի այցելած Սերժ Սարգսյանը բնակարանների հանձնման ժամկետը երկարացրեց ևս մեկ տարով, բայց ոչ մի բացատրություն չհնչեց, թե ինչու «Գլենդել Հիլզը» ժամանակին չի իրականացրել շինարարությունը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս տեղյակ չէ, թե ինչն է հետաձգման պատճառը: Նրա վստահեցմամբ` շինարարությունը վերսկսվել է, բայց ինքը` մարզի ղեկավարը, խնդրին տեղյակ է այնքանով, որքանով մենք: «Շինարարությունը հիմա գնում է: Շինարարությամբ զբաղվում է Քաղաքաշինության նախարարությունը: Ես այդ հարցից տեղյակ եմ այնքանով, որքանով դուք: Այդ հարցով ինձ մի դիմեք: Ես տեղյակ չեմ»,- «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ շինարարությունը միայն Սերժ Սարգսյանի և քաղաքաշինության նախարարի Գյումրի կատարած այցից հետո է կարծես թե վերսկսել: Սակայն Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 2 շաբաթ առաջ եղել է շինհրապարակում և իր այցելության պահին շինարարություն չի եղել: Տարածքը ցանկապատված եղել է: Եղել է 2 մեծ փոս, 2 մետր խորությամբ, և ոչ մի տեխնիկա, սարքավորում չի եղել: «Միայն փուշ էր ու տատասկ: Այսինքն` շինարարության ոչ մի նշույլ չկար»,- ասաց Բարսեղյանը` ավելացնելով. «Այդ 420 բնակարանը սեպտեմբերին պետք է շահագործման հանձնվեր: Բայց փաստորեն կառավարությունը դրժել է իր խոստումը, և որևէ մեկը քաղաքական պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ որևէ մեկը մարդկայնորեն ներողություն է խնդրել: Քցում են հաջորդ տարվա վրա»:

Բարսեղյանի խոսքով` շինարարության չիրականացման պատճառները չեն կարող ֆինանսական լինել, քանի որ «Գլենդել Հիլզը» «կառավարության ախպերն է և հնարավոր չէ, որ կառավարությունն իր ախպոր համար ինչ-որ բան խնայեր»: «Խելացի կառավարությունը աղետի գոտու ամբողջ շինարարությունը մեկ տենդերային փաթեթ չէր սարքի և չէր տա մեկ ընկերության: Նախընտրելի կլիներ դրանք բաժանել, որպեսզի տեղական և այլ շինկազմակերպություններ ևս կարողանային շահել մրցույթը և գործ անել: Բայց դե իրենք մտադրված խոշորացրին և տվեցին «Գլենդել Հիլզին»:

Սա ինստիտուցիոնալ խայտառակություն է և գալիս է շատ վաղուց: Դեռևս 1998 թվականին Քոչարյան Ռոբերտը խոստացավ աղետի գոտին վերականգնել 2001-ին: 2000-ին հայտարարեց, որ չեն հասցնի և շինարարության ավարտը հայտարարեց 2002-ին: Սակայն 2001-ին հայտարարեց, որ ավարտը կլինի 2003-ին: Այդ տարում Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի օգնությամբ բավականին բնակարաններ հանձնվեցին, բայց 4-5 հազար անօթևան մնացին տնակներում և հայտարարվեց, որ աղետի գոտու շինարարություն ավարտվեց: 2008-ին, սակայն, Սերժ Սարգսյանը եկավ Գյումրի քարոզարշավի և ասաց, որ Գյումրու անօթևանների համար 3 հազար բնակարան են շահագործման հանձնելու` մոռանալով, որ Քոչարյանն ասել էր, որ վերականգնումն ավարտվել է»,- նկատեց Լևոն Բարսեղյանը` հավելելով. «Իշխանություններն ասում են, որ 420 բնակարան է մնացել, դա էլ հանձնեն կավարտեն, բայց դա էլ չեն կառուցում: Մեր հաշվարկներով` մոտ 4 հազար անօթևան դեռ կա: Եվ եթե այդ բնակարանները չկառուցվեն, այդ թիվն ավելի կմեծանա: Իսկ խոսքն ընդամենը 80-90 միլիոն դոլարի մասին է: Բայց այսօրվա իշխանությունները կամք չունեն: Իրենք երևի ասում են` դե զուգարան կառնենք, Նունե Եսայանի համերգը կկազմակերպենք, սամալյոտ կառնենք: Պե՞տք է աղետի գոտու համար բնակարան սարքենք: Սա է այս իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը: Իշխանությունը վաղուց ապացուցել է, որ ինքն անպատասխանատու է և ապաշնորհ»:

No comments:

Post a Comment