«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի և «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա»-ի միջև ծագած կոնֆլիկտին այսօր արձագանքել է նաև արդարադատության նախարարությունը:
Նախարարությունն իրավական տեսակետից մեկնաբանել է վերջին օրերին Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ծագած վիճաանության բաղկացուցիչ 3 հիմնական հարցերը. Իրավասո՞ւ է արդյոք ՀԱՕԿ-ն իր կազմից հեռացնելու ՀՎՖ-ին, արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար:
Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասը` նախարարությունը մեկնաբանում է. «անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց»:
Միաժամանակ, պարզաբանման մեջ բերվում են նաև ՀԱՕԿ-ի կանոնադրության և Օլիմպիական խարտիայի համապատասխան կետերից և հոդվածներից մեջբերումներ, որոնց պահանջները վկայակոչելով, ՀՀ Արդարադատության նախարարությունը եզրակացնում է. «Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունը ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»:
Այլ կերպ ասած, եթե Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիան անդամակցում է միջազգային ֆեդերացիային, ապա ՀԱՕԿ-ի նախագահն ի զորու չէ կասեցնել նրա անդամակությունը:
Այսպիսով, Արդարադատության նախարարությունը, ըստ էության, լուծեց Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ծագած լարվածության իրավական խնդիրը՝ հայտարարելով, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կառույցի նկատմամբ ինքն իրավական գերակայություն չունի:
No comments:
Post a Comment