«Վերջին բլոգ»-ը «Հույժ գաղտնի» էջեր նախագծով սկսում է հանրությանը ներկայացնել կարևորագույն իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել «Հոկտեմբերի 27-ի» գործով նախաքննության ժամանակ:
Շարքի առաջին նյութում ներկայացնում ենք, ՀՀ նախագահ (1998-2008 թթ.) Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի դիմումը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որից 2 ամիս անց Ալեքսան Հարությունյանը ազատ է արձակվում, ավելի ստույգ փոխվում է նրա խափանման միջոցը, իսկ հետագայում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է:
Նշենք, որ Ալեքսան Հարությունյանը մեղադրվել է Հոկտեմբերի 27-ի կատարողներին աջակցելու, խորհուրդներ տալու մեջ:
Ալեքսան Մաքսիմի Հարությունյանը կալանավորվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին, այսինքն Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից մեկ ամիս 20 օր անց:
Ահա թե ինչ է գրում Ալեքսան Հարությունյանը ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի դեպ ավելացնենք, որ դիմումը գրված է Ազգային անվտանգության մեկուսարանից՝ «ԿԿԲ-ի պադվալից»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մեծարգո նախագահ
Ուղարկում եմ ԱԱ քննչական մեկուսարանի կալանավոր Ալեքսան Մաքսիմի Հարությունյանի Ձեզ հասցեագրված դիմումը:
Առդիր՝ Դիմումը՝ 2 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ /ստորագ/ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. 31
գ.թ. 179-180
շտամպ 22.02.2000թ Հայաստանի Հանրապետության նախագահ
Արդարատատության խորհրդի նախագահ
Պարոն Ռոբերտ Քոչարյանին
Մեծարգո պարոն նախագահ
1999թ. դեկտեմբերի 15-ից ես գտնվում եմ ՀՀ ԱԱՆ մեկուսարանում: Ինչպես գիտեք, ես գիտակցաբար գնացի այդ քայլին, թեև ոչ մի մեղք չունեի, հույս ունենալով, որ կարճ ժամանակում կհերքվեն իմ դեմ եղած հրեշավոր զրպարտությունները և խոսակցությունները: Դուք գիտեք, որ ես անմեղ եմ: Դուք գիտեք գործի մանրամասները, ուստի ես չեմ կրկնի:
Սակայն, այս ընթացքում, ճշմարտությունը պարզելու փոխարեն, այն ավելի ու ավելի են խճճում: Կեղծ ցուցմունքների, զրպարտությունների և անհետությունների հիման վրա, մինչև այժմ գտնվում են այստեղ, և վերջը չի երևում: Վերջին մի քանի օրը դրան գումարվում է բռնությունը, շանտաժը և սպառնալիքը: Եթե անգամ իմ նկատնանբ այսքան անօրինականություն է կատարվում,ես պատկերացնում եմ թե վիճակն ընդհանրապես ինչպիսին է :
Ես նախաքննական մարմնին հայտնել եմ ողջ ճշմարտությունը, որից պարզ երևում է, որ ես ոչ մի առնչություն չունեմ հոկտեմբերի 27-ի հետ, որ անհեթեթություն է ինձ նման բաներում կասկածելը, սակայն այժմ փորձ է արվում ինձնից կորզել ստեր,որոնք գոնե ինչ-որ «տեսք» կտան անտրամաբանական շղթային:
Պատմությունը չի ների այս տեսակ կեղծիքը, Վազգեն Սարգսյանի հիշատակը չի կարելի պղծել սարսափելի կեղծիքով: Մի ելք կա միայն. փոխել քննությունը վարողներին նրանք իրենք իրենց ստեղծած ստերի գերին են դարձել, վախենում են պատասխանատվությունից: Ցանկացած օբյեկտիվ նոր քննիչ մեկ օրում կհասկանա ամեն ինչ:
Նորից եմ կրկնում, ես անմեղ եմ: Ինձ պետք է շտապ ազատ արձակել, որպեսզի չխոչնդոտվի արդարության իրականացումը, այլապես՝ ես պատանդ եմ դարձել քննությունը վարող մարմնի ձեռքում:
Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մի բան, որ կարող է լինել ամեն օր, իմ արյունը մեղավորների վրա էժան չի նստելու, ոչ ոք չի ներելու: Վազգեն Սարգսյանի և մյուս զոհերի հոգիները չեն ներելու: Ասված չի ներելու:
Ես արդեն ոչնչի չեմ հավատում: Երջանիկ եղեք:
Մնաք բարով:
Ալեքսան Հարությունայան
/Ձեր խորհրդական, այժմ՝ ԱԱՆ ՔՄ կալանավոր/
22.02.2000թ.
Ռոբերտ Քոչարյանին դիմում գրելուց և երջանկություն մաղթելուց հետո դատարանը որոշում է մերժել քննչական մարմնի միջնորդությունը՝ և փոխել Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը՝ կալանքը:
Ներկայացնում ենք նաև դատարանի որոշումը՝ Ալեքսան Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդությունը մերժելու մասին:
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը քննության առնելու մասին
10.04.2000թ. ք.Երեւան
Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Համայնքների առաջին ատյանի …
ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ Ա.Հարությունյանի միջնորդությամբ թիվ 62207199 քրեական գործով մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս 2 ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ մերժել:
Որոշման մեկական օրինակ հանձնել միջնորդություն հարուցած կողմին,մեղադրյալին,պաշտպանին
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական եւ Զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ /ստորագ/ Ա .ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ.31 ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
գ.թ.188 ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ
շտամպ 12.04.2000թ. ՆԱԽԱԳԱՀ,ՊԱՐՈՆ Ռ.Ե.ԱԶԱՐՅԱՆԻՆ
No comments:
Post a Comment