Popular Posts

Monday, October 21, 2013

ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին, որը բացասական եզրակացությամբ մտավ ԱԺ օրակարգ:

-Պարոն Բաբայան, ԱԺ այս նստաշրջանի օրակարգ բացասական եզրակացությամբ մտավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: ԼՂ իշխանությունները բազմիցս ներկայացրել են իրենց դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ, սակայն մեկ անգամ ևս կցանկանայինք լսել:

-Անձամբ կարող եմ ասել հետևյալը, կրկնում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ նման քայլերը որևէ ձևով չեն նպաստում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, հակառակը՝ մեծ հարված են հասցնում: Ես չգիտեմ՝ ում համար են նրանք տարին մի քանի անգամ բարձրացնում, որ հետո որոշ պետությունների հնարավորություն տան դա օգտագործել որպես մեզ ուղղված քննադատություն, որ Հայաստանն ինքը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: Արդյոք սա մեզ պե՞տք է: Սա բխու՞մ է մեր ազգային շահերից, միանշանակ՝ ոչ: Նման քայլերով ինչ-որ ներքին քաղաքական հարցեր լուծելով և այստեղ շահարկելով մեր ազգի համար սուրբ գաղափար հանդիսացող Արցախի անկախությունը, որի համար այդքան արյուն է թափվել… իմանալով, որ ներկա պահը հարմար չէ, ճիշտ չէ, ես ուղղակի չեմ էլ ուզում անդրադառնալ: Սա մեծագույն հարված է մեր անկախության ճանաչման գործընթացին: Եթե այդքան ցավում են Արցախի համար թող Եվրոպայի խորհրդարանի հարթակը օգտագործեն այս հարցի բարձրաձայնման համար, այլ ոչ թե ինչ-որ կեղծ խոսակցության հիման վրա ինչ-որ «մուծիլովկաներով» զբաղվեն, ամեն անգամ այդ հարցը դնեն ու մեր թշնամիներին ձեռքը ևս մեկ խաղաքարտ դնեն:

-Ամեն դեպքում, Զարուհի Փոստանջյանը մեկնաբանում էր, որ դրանով Արցախը կվերադառնա բանակցային սեղան:

-Հա, շատ լավ, իրեն պետք է ծափահարենք, վերադարձա՞վ: Ինչի՞ են էդպիսի բաներ անում: Որևէ մեկը, նման քայլի արդյունքում, Արցախի ձայնը, կարծիքը հաշվի՞ է առնում: Սա շահարկում է, այն էլ շատ վտանգավոր, որը դեմ է գնում համազգային գաղափարներին, արդեն հերիք է, էլի: Սրա նպատակը Արցախի ճանաչումը չէ, սրա նպատակը, որ նման քայլերով, որ քաղաքական ասպարեզում ինչ-որ «պայքարի» իմիտացիա անեն, բայց լավ կլինի, կրկնում եմ՝ իրենց եռանդն ու էներգիան օգտագործեն այլ հարթակներում Արցախի ճանաչման գործը առաջ տանելուն:

-Պարոն Բաբայան, Զորի Բալայանի հայտնի նամակի մասին Արցախի իշխանությունների պաշտոնական տեսակետը չենք լսել, լսել ենք վարչապետինը, որը, կարծես, դատապարտում էր այն:

-Խնդիրը նրա մեջ է, որ Զորի Բալայանը մտավորական է, հասարակական, քաղաքական գործիչ. յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Սա իր կարծիքն է, պետական կարծիք չէ, ինքը՝ Զորի Բալայանը, ասում է, որ իր անձնական կարծիքն է: Եվ անկախ նրանից, թե ո՞ր դրույթների հետ ենք համաձայն, ո՞ր դրույթների հետ՝ ոչ, խնդիրը դիտարկում ենք ուրիշ հարթությունում, որն ինձ համար բավականին տհաճ տպավորություն է թողել: Դա այն է, թե ինչպիսի քաղաքական կուլտուրա ունենք մեր ներսում, և, ըստ իս, այդ քաղաքական կուլտուրան ամենևին էլ չի խոսում՝ մեր ազգի, էսպես ասած, բարձր կուլտուրա ունենալու, մեր հազարամյա քաղաքակրթության և պատմության մասին: Ինչպիսի դիսկուսիաներ այն առաջացրեց՝ միայն թե կեղտ սփռեն մեկը մյուսի վրա, միայն անարժան խոսքեր ասեն, անպատվեն մեկը մյուսին: Սա շատ տգեղ է և չի սազում մեր ազգին: Մենք քրիստոնյա ազգ ենք և եթե համաձայն չեն որոշ մարդիկ այս կամ այն դրույթի հետ, կարելի է դա ավելի կառուցողական ձևով անել: Քաղաքակիրթ բանավեճ պետք է տեղի ունենար, որը ես չեմ տեսել: Կողքից դա նայում են նաև մեր թշնամիները, տեսնում են, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ վերաբերում:

-Պարոն Բաբայան, կարծես թե ավելի շատ Հայաստանի քաղաքական ուժերին եք ասում, բայց Արցախի վարչապետն էլ բավականին էմոցիոնալ գնահատականներից զերծ չմնաց:

-Մեր վարչապետը ի՞նչ է գրել, նա գրել է, որ դա պետական կարծիք չէ, և այստեղ իրավացի է, որովհետև դա այդ մարդու անձնական կարծիքն է: Բայց, այնուամենայնիվ, պետք չէ նման շոու սարքել, քարկոծել, դավաճան հանել…

-Պարոն Բաբայան, ԼՂ նախագահը մասնակցում էր Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցած Եվրոպահայոց երրորդ համագումարին: Ի՞նչ տվեց այն:

-Կարծում եմ, որ շատ կարևոր առաքելություն է եղել, երեք պետություններ ենք այցելել՝ Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, որտեղ տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական հանդիպումներ, օրինակ՝ Բելգիայում մենք հանդիպել ենք Սենատի ներկայացուցիչների հետ, Եվրախորհրդարանում Բակո Սահակյանը հանդես եկավ ելույթով, հայ համայնքի ներկայացուցիչների հետ ենք հանդիպել, Նիդեռլանդների խորհրդարանում ենք հանդիպում ունեցել…, և սա շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների ձևավորման և զարգացման առումով: Այդպիսի քայլեր շուտով կտեսնեք, չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, բայց լինելու են շատ հետաքրքիր զարգացումներ՝ Արցախը ճանաչելի դարձնելու, ինչու չէ՝ Արցախի միջազգային ճանաչման առումով: Եվ այս հարցերի մասին պիտի մտածենք, ոչ թե դրան ետին պլան մղենք՝ ներքին քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

No comments:

Post a Comment