Popular Posts

Tuesday, October 8, 2013

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի և նրա դեմ ստորագրահավաք սկած բուհի դասախոսները կհանդիպեն, և բոլոր հարցերին պարզաբանում կտրվի։ Այս մասին Tert.am-ին ասաց բուհի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինի պետ Վերոնիկա Խորասանյանը՝ նշելով, որ հանդիպումը բաց է լինելու, կարող են մասնակցել նաև լրագրողները։ 


Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչու էր ռեկտորը պնդում, թե 34 դասախոսների չի հեռացրել աշխատանքից, այլ ընդամենը 4 դասախոսի: «Հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 14։30-ին, լինելու է կոլեկտիվի հանդիպումը բուհի ղեկավարության հետ, լինելու է ընդհանուր ժողով, որին հրավիրված են նաև լրագրողները, այնպես որ՝ կարող եք ներկա գտնվել, հարցերն ուղղել երկու կողմերին էլ»,-ասաց նա։


Նշենք, որ «Հետք»-ն այսօր հրապարակել էր Արա Ավետիսյանի՝օգոստոսի 29-ի հրամանը նույն բուհի 34 դասախոսի աշխատանքից ազատելու մասին, մինչդեռ երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ռեկտորը պնդել էր, որ ինքն ազատել է ընդամենը 4 դասախոսի: 


Tert.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտություների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը հստակեցրեց, թե իրականում 34 դասախոս չի հեռացվել, այլ՝ շատ ավելի։ «Հրապարակված հրամանը միակը չէ, դրանք շատ են։ Դա ցուցակով ազատման հրաման է, բայց իրականում եղել են անհատական հեռացման հրամաններ։ Ես այդ ամենին չեմ տիրապետում, բայց փաստ է այն, որ ինքը պնդում էր, թե 4 հոգի են հեռացվել, բայց իրականում 34-ի հրամանը կա»,-ասաց նա։


Թե ինչ պատճառով էր այս ամբողջ աղմուկը, դասախոսը բացատրեց հետևյալ կերպ. «Ռեկտոր Արա Ավետիսյանը որոշել է նոր հեծանիվ հորինել՝ նորարարության անվան տակ դասախոսներին կրճատելով, աշխատանքի ծավալը մեծացնելով և զուգահեռ աշխատավարձերն իջեցնելով»։


Ըստ դասախոսի՝ ռեկտորը որոշեց «վաղուց ապրոբացիայի անցած ուսումնական բեռնվածքի ձևավորման մեխանիզմը փոխել, իր ձևով փորձարկել, ընդ որում՝ չունենալով ուսումնական բեռնվածքի հետ աշխատելու որևէ փորձ»։


««Այդ ամենի արդյունքում նման իրավիճակ գոյացավ, մեր փողն իջավ, իսկ բեռը՝ շատացավ»,-դժգոհեց Աշոտ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք գումար են ստանում ըստ ժամավճարի, բայց աշխատում են մեծ խմբերի հետ։


Դասախոսի խոսքով՝ հիմա էլ փորձում են ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, բայց չի ստացվում, արդյունքում՝ տուժում է ամբողջ դասախոսական կազմը՝ հսկայական ֆինանսական կորուստ կրելով՝ «տարվա կտրվածքով շուրջ 1 մլն դոլարի կարգի»։


Նա հիշեցնում է, որ տարվա սկզբին բուհում վարձերը բարձրացվել են, տեխնիկական եղանակով արտալսարանային բավական մեծ ծավալի բեռնվածք է շպրտվել դուրս, մեծ հոսքեր են ձևավորվել, կրճատվել են ոչ միայն դասախոսներ, այլ նաև՝ լաբորանտներ ուսումնաօժանդակ անձնակազմից։ «Այս պարագայում պետք է, որ մեր աշխավարձերը չնվազեցնեին, դա անհիմն է, և ցավալին այն է, որ դա հրամցվում է մեզ որպես բարեփոխում։ Մարդը զարմանում է, թե ինչու ենք դժգհում ու չենք հասկանում իր նորմուծությունները»,-ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր դասախոսի աշխատավարձը կրճատվել է 30-40 հազար դրամով։


Ըստ Աշոտ Խաչատրյանի՝ կատարվածի դեմ արդեն 160-ի հասնող ստորագրություն կա, ինչի մասին տեղեկանալով՝ արագ կանխվել է գործի ընթացքը։ «Ստորագրությունները սկզբի օրերին շատ արագ տեմպերով հավաքվեցին։ Հետո, երբ ռեկտորը լրատվամիջոցներից մեկով պրոֆեսորներից մեկին վիրավորելով, մտավորականին անվայել պահվածքով հայտարարեց, թե՝ «կգամ, կտեսնեմ՝ ով չի հասկացել», որոշ ամբիոններ այլևս չմիացան մեզ։ Տարբեր ձևեր են կիրառում դասախոսներին կաշկանդելու համար, որպեսզի փորձեն ներկայացել, թե սա լոկալ դժգոհություն է, որ հրահրվում է ինչ-որ մարդկանց կողմից, ինչ-որ խնդիրների համար, բայց իրականում այդպես չէ»,-նշեց նա։


ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ բուհում նորմալ աշխատանքային մթնոլորտ է։ Ըստ նրա՝ դասախոսների առաջ քաշած հարցը կքննարկեն, կտեսնեն՝ որն է խնդիրը։


Նա նշեց, որ դասախոսներին ոչ թե հեռացրել են, այլ՝ նրանց աշխատանքային պայմանագիրն է ավարտվել։ «Նրանց մեծ մասը պայմանագրային աշխատողներ են, մեկ տարի աշխատել են, որոշակի հանձնարարություններ կատարել, և ժամկետը լրացել է, այսինքն՝ աշխատանքից ազատելու մասին խոսք չկա, նորմալ գործընթաց է»,-եզրափակեց նա։

No comments:

Post a Comment