Popular Posts

Monday, October 21, 2013

Արարատի քաղաքապետի ընտրությունները հավակնում են դառնալ աշնանային դժգույն ներքաղաքական կյանքի զվարթ կետերից մեկը: Որեւէ նոր կամ օրիգինալ բան այստեղ չի կատարվելու՝ կրկին իրար դեմ են լինելու, այսպես ասած, վաղեմի մրցակիցներ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Այս մրցակցությանը հասարակությունը ականատես է եղել մի քանի մակարդակի տարբեր ընտրություններում 2007 թվականի պառլամենտական ընտրություններից ի վեր: Այնպես որ, հատկապես Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից եւ ԲՀԿ-ի հետընտրական ու նախընտրական պահվածքից հետո նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի զվարթություն էլ չկա եւ ամեն ինչ անցնելու է ավանդականի պես ՝ թեժ նախընտրական իրավիճակ եւ ընտրություններից հետո պարզապես լռություն:

Սակայն այստեղ, իհարկե, ամեն ինչ միանշանակ չէ, եւ չի բացառվում դեռեւս 2012 թվականի պառլամենտական ընտրություններից առաջ տեղի ունեցած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների կրկնությունը: Եթե հիշում եք, այնտեղ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին: Ըստ որում` ԲՀԿ-ի թեկնածուին իրենց աջակցությունն էին բերել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» տեղական կառույցները: ՀԱԿ-ը արդեն հայտարարել է, որ Արարատում սատարելու է ԲՀԿ-ի թեկնածուին, ինչը ըստ էության նաեւ նշանակում է «քաղաքագիտական վերլուծության» գծին հավատարմության վերահաստատում: Այնպես որ, Արարատում նման զարգացումների կրկնություն բացառելն ամենեւին պետք չէ:

Սակայն այստեղ շատ կարեւոր մի գործոն կա, որ չկար Իջեւանում: Այստեղ կա Հովիկ Աբրահամյանի գործոնը: Աբրահամյանների կլանը Արարատի մարզի դե ֆակտո տերն է, եւ այստեղ ՀՀԿ-ի պարտությունը ուղղակիորեն կնշանակի Հովիկ Աբրահամյանի պարտություն: Հետեւաբար, եթե անգամ Սերժ Սարգսյանն Իջեւանի օրինակով չգնա ավելորդ լարվածության եւ թույլ տա, որ ամեն ինչ որոշվի զուտ տեղական մակարդակի մրցակցության արդյունքում, միեւնույն է` կա մի շատ շահագրգռված անձ: Թեեւ ՀՀԿ-ականի մրցակիցը Հովիկ Աբրահամյանի խնամու՝ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն է, սակայն Աբրահամյանի համար նրա հաղթանակը շատ մեծ ռիսկ կարող է լինել, որը կսասանի ՀՀԿ-ում նրա` առանց այդ էլ սասանված դիրքերը:

Արդյունքում ստացվում է բավական խճճված պատկեր, որովհետեւ կա՛մ Գագիկ Ծառուկյանը պետք է բարդացնի իր խնամու կյանքը եւ նրան կանգնեցնի լրացուցիչ դժվարությունների առաջ` հեղինակազրկելով եւ հարվածի տակ դնելով ՀՀԿ-ում, կա՛մ էլ Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակը ավելի բարձր պայմանավորվածությունների արդյունք է, որի համար ԲՀԿ-ն կամ արդեն իսկ իր զիջումներն է արել ՀՀԿ-ին, կամ դեռ նոր է անելու:

Այնուամենայնիվ, այսպես, թե այնպես, Արարատի քաղաքապետի ընտրությունների ընթացքն ու արդյունքները ներկայիս ժամանակահատվածում, երբ քաղաքական կյանքն, ըստ էության մեռավ, Մաքսային միությամբ, ներքաղաքական եւ ներիշխանական զարգացումներով հետաքրքրվող հասարակական շերտերին հնարավորություն կտա այս ժամանակահատվածի համար պրակտիկորեն հասկանալ, թե ինչպիսին են քաղաքական ուժերի մտադրություններն ու ինչ ուղղությամբ են ներիշխանական զարգացումների վեկտորները: Այսինքն` այսպես, թե այնպես, Արարատի ընտրությունները լինելու են պրակտիկ ինդիկատոր Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակի վերաբերյալ:

No comments:

Post a Comment