Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը ներդնելու դեպքում տարբեր պաշտոնյաների աշխատավարձերը տարբեր չափով կավելանան:
Կարելի է առանձնացնել միայն մի օրինաչափություն. նույն կատեգորիայի այն պաշտոնյաները, որոնց աշխատավարձը ավելի ցածր է, ավելի շատ ավելացում կունենան: Օրինակ՝ եթե մի նախարարի խորհրդականը ավելի շատ է ստանում, քան մյուսը, ապա (նույն ստաժի դեպքում) ցածր վարձատրվող խորհրդականի աշխատավարձն ավելի շատ կբարձրանա: Եթե նոր համակարգով հաշվարկված պաշտոնյայի դրույքաչափը ցածր լինի գործողից, կպահպանվի գործող դրույքաչափը: Ամեն դեպքում, դեռևս ամբողջությամբ հաշվարկված չեն, թե կոնկրետ որ պաշտոնյայինը որքան կբարձրանա:
Ելնելով բազային աշխատավարձից (քաղծառայողների բազային աշխատավարձը այժմ 40 հազար դրամ է, 2014-ի հուլիսի 1-ից կդառնա 66 հազար 140 դրամ), տվյալ պաշտոնի գործակցից և ստաժից` որոշ հաշվարկներ այժմ կարելի է անել:
Օրինակ` եթե կրտսեր պաշտոնի երրորդ (ամենացածր) ենթախմբի քիչ ստաժով քաղծառայողն այսօր ստանում է մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ապա 2014-ի հուլիսի 1-ից այն կդառնա մոտ 100 հազար դրամ: Աճը՝ մոտ 40%: Միջին ստաժով կրտսեր պաշտոնյան (երկրորդ ենթախմբի) այժմ ստանում է 88 հազար դրամ: Դա կդառնա 155 հազար դրամ, այսինքն՝ կաճի 76%-ով: Միջին ստաժով երկրորդ խմբի առաջատար մասնագետն այժմ մոտ 100 հազար է ստանում, բարձրացումից հետո կլինի 175 հազար (75% աճ): Երկար տարիների ստաժով ու առաջատարի առաջին խմբում գտնվող պաշտոնյաների աշխատավարձը 134.4 հազար դրամից կդառնա 240 հազար 750 դրամ (80%):
Գլխավոր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերը ևս նշանակալի են բարձրանալու: Միջին ստաժով գլխավոր պաշտոնի երկրորդ ենթախմբի աշխատավարձը 175 հազարից դառնալու է 353 հազար (աճը՝ մոտ 2 անգամ), իսկ միջին ստաժով բարձրագույն պաշտոնի երկրորդ ենթախմբինը՝ 200 հազարից 4 հարյուր հազար:
Հիշեցնենք նաև, որ նոր դրույքաչափի համաձայն` հուլիսի 1-ից հանրապետության նախագահի աշխատավարձը 400 հազարից կդառնա 800 հազար դրամ, ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ 340 հազար դրամից 720 հազար դրամ:
No comments:
Post a Comment