Popular Posts

Sunday, October 6, 2013

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը սխալ է համարում անկախության տոնին Նունե Եսայանի մենահամերգի համար պետական բյուջեից 54 մլն դրամ ծախսելու նպատակահարմարության մասին խոսելը։

Tert.am-ի հարցին, թե քանի որ պատգամավորը շատ է բարձրացնում սահմանամերձ շրջանների խնդիրները, արդյոք չի՞ կարծում, որ այդ գումարով կարելի էր օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզը բացել, որի համար տարեկան պահանջվում է ընդամենը 8 մլն դրամ։

«Սխալ զուգահեռներ եք տանում»,- հարցին հակիրճ պատասխանեց պատգամավորը և հարկ չհամարեց շարունակել այդ թեմայով խոսել։

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԺ-ում բարձրացրեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում 2010թ. միջազգային կազմակերպությունների կողմից կառուցված մանկապարտեզի հարցը, որի համար ծախսվել էր 50 մլն դրամ և ընդամենը 3 մլն էլ հատկացվել էր համայնքային բյուջեից։ Հիմնովին կառուցված ու կահավորված մանկապարտեզը՝ «բյուջեում փող չկա» պատճառաբանությամբ այդպես էլ չի բացվում։ Նա տեղեկացրել էր, թե կառուցման օրվանից մինչ օրս վերոնշյալ մանկապարտեզը չի գործում, թեև համայնքում 80 երեխաներ մանկապարտեզ հաճախելու կարիք ունեն։ Մանկապարտեզը շահագործելու համար անհրաժեշտ է տարեկան ծախսերի ու աշխատավարձի գումար։

«Ի դեպ, մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է տարեկան ընդամենը 8 մլն դրամ։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի սուղ բյուջեից հնարավոր է լինում պարբերաբար ֆինանսավորել ոչ առաջնային և նույնիսկ սոցիալական կարևորություն չունեցող ծրագրեր, որի ամենաթարմ և վառ օրինակն է Նունե Եսայանի համերգը, երբ մի քանի ժամվա համար կառավարությունը 54.691.400 դրամ է շռայլել, իսկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շահագործման համար տարեկան 8 մլն դրամ չկա, մինչդեռ այդ գյուղի երեխաները ապրում են հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ»,- հարցրել էր ԲՀԿ պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը պատասխանել էր, թե պետական բյուջեով մանկապարտեզների ֆինանսավորում ուղղակիորեն չունեն և չեն էլ ունենալու, որովհետև դրանք համայնքային խնդիրներ են, և պետություն այդ խնդիրներին առնչվում է անուղղակիորեն։

No comments:

Post a Comment