Popular Posts

Monday, October 21, 2013

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Մաքսային միությունում, ինչպես նաև՝ նոր ձևավորվող Միասնական տնտեսական միությունում այսպես կոչված՝ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը:

Ի պատասխան «ԱրմԻնֆո» գործակալության թղթակցի հարցի՝ այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 21-ին՝ ԱՊՀ անդամ-երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բելառուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ նման գաղափար չի քննարկվել, և ինքը դեռ պատրաստ չէ որևէ պատասխան տալ:

«Բայց դա թեմա է, որը կարող է քննարկվել»,-նշել է Լուկաշենկոն՝ համաձայնելով այն կարծիքին, որ այդ չճանաչված կազմավորումների (Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա) տնտեսություններն ամբողջովին ինտեգրված են Մաքսային միությանը, ինչպես նաև՝ այն երկրների տնտեսություններին, որոնք մտադիր են միանալ ՄՄ-ին:

Լուկաշենկոն համաձայնել է նաև, որ այդ կազմավորումների նկատմամբ տնտեսական արգելքներ դնելը ճիշտ չէր լինի, հատկապես՝ եթե հաշվի առնենք նրանց պատմությունների ողբերգական պահերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կարգավորումն ամբողջովին կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից:

«Նրանք պետք է նստեն և վերջնականապես պայմանավորվեն ու որքան հնարավոր է՝ արագ լուծեն այդ պրոբլեմը»,-նշել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

No comments:

Post a Comment