Popular Posts

Friday, October 25, 2013

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երեկ կայացել էԵվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այսօր նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը։

Независимая газета-ի հոդվածագիր Անտոն Խոդասևիչն իր անդրադարձում նշում է, որ հանրությունը շահերի բախում է ակնկալում, որի գոյությունը վաղուց արդեն գաղտնիք չէ։ Այն, որ ամեն ինչ հարթ չէ ինտեգրման գործընթացում, վաղուց արդեն գաղտնիք չէ։ Դա հաստատեց Բելառուսի մայրաքաղաքում Ղրղզստանի նախագահի բացակայությունը։
 
Ինտեգրման միջոցառումների շարքն սկսվեց սկանդալով։ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրաժարվեց մեկնել Մինսկ։ Նրա փոխարեն երկիրը ներկայացնում է փոխվարչապետ Ջոոմարտ Օտորբաևը։
 
Պաշտոնական Բիշկեկն այդ հարցի առնչությամբ մեկնաբանություն չի տվել, սակայն Մինսկի փորձագետները չեն կասկածում, որ պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հարաբերություններն են։
 
Բելառուսի իշխանությունները նրան ընտանիքով ընդունեցին Ղրղզստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո և, չնայած Բիշկեկի բազմաթիվ դիմումներին, նրան չեն հանձնել նոր իշխանություններին։

Օրերս Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Ղրղզստանի նոր իշխանություններին կոչ է արել «շրջել համագործակցության էջը»։ «Տղանե՛ր, դադարե՛ք խոսել Բակիևի մասին»,-ասել է նա՝ դիմելով պաշտոնական Բիշկեկին։
 
Բացի Բակիևից, նշվում է ևս մեկ պատճառ, համաձայն որի Ատամբաևն անտեսել է միջոցառումը, որին մասնակցում է նաև ՌԴ նախագահը։ Նախօրեին Ղրղզստանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել Մոսկվայում ղրղզ ներգաղթյալների ձերբակալությունների և արտաքսման վերաբերյալ։

Բիշկեկում դժգոհ են ռուսական միգրացիոն ծառայությունների աշխատանքից։

Ղրղզստանի իշխանությունները չէին սպասում, որ այդպես կվարվեն իրենց քաղաքացիների հետ, չնայած որ հայտարարել են Մաքսային միություն մտնելու մտադրության մասին։

Այնպես, որ Ղրղզստանի առաջնորդի բացակայությունն ԱՊՀ գագաթնաժողովին ավելի ծանրակշիռ հիմք ունի, քան նախկին նախագահի՝ Բելառուսում բնակություն հաստատելը։

Այն, որ Ատամբաևն իր փոխարեն Մինսկ է ուղարկել անգամ ոչ վարչապետին, այլ նրա տեղակալին, վկայում է Բիշկեկի և Մոսկվայի հարաբերություններում առկա սառնության մասին, և հնարավոր է, որ սա հետքայլ է Մաքսային միությունից։
 
Ինչ վերաբերում է գագաթնաժողովի տանտերերին, ապա Ատամբաևի քայլը փչացրեց բելառուսական իշխանությունների տրամադրությունը։ Փաստացի Լուկաշենկոն իր քայլով աններդաշնակություն մտցրեց հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներում, ինչը չի կարող չազդել այլ մասնակիցների վրա։

Հաղորդվում է, որ հատուկ Մինսկի գագաթնաժողովների համար է կառուցվել և բացվել Անկախության պալատը։ Այն կառուցվել է արտակարգ ռեժիմում։ Բանվորներն աշխատել են երեք հերթափոխով, իսկ ղեկավարությունը վերջին ամիսներին աշխատել է ամեն օր աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ։

Լուկաշենկոն շատ էր ցանկանում իրեն ինտեգրման կենտրոն զգալ՝ եթե ոչ բովանդակությամբ, ապա գոնե միայն ձևով։
Լուկաշենկոն, իսկ հետո նաև պաշտոնական քարոզիչները, սկսեցին խոսել ճակատագրական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու Մինսկում։ Այնպիսի տարբեր երկրներ, ինչպիսին են Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, փորձելու են «կարգավորել շահերի բախումները»՝ ստեղծելով Եվրասիական տնտեսական միությունը։

Երեկվա նիստի գլխավոր հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծման նախագծի քննարկումն էր։

Ինչ վերաբերում է Բելառուսի շահերին և հիմնական բանակցային դիրքորոշումներին, ապա երկրի նախագահը երկու մամուլի ասուլիսների ընթացքում խիստ հստակ արտահայտվեց՝ նշելով, որ համագործակցությունը պետք է լինի «առանց բացառությունների»։ «Այժմ մենք ունենք մի շարք բացառություններ»,-ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի համար կարևոր է էներգակիրներ ստանալ ներռուսաստանյան գներով և ռուսական բյուջե չուղարկել որևէ նավթային մաքսային տուրքեր, ինչպես այսօր։ Ի դեպ, այդ նորմը պետք է նշվի արդեն 2014թ.-ի հունվարի 1-ից, չնայած որ Եվրասիական միությունը ստեղծվելու է 2015թ.-ին։
«Հակառակ դեպքում մենք Մաքսային միություն չենք մտնի»,-նա գրեթե սպառնացել է ռուսական կառավարությանը, որը խիստ հետաքրքրված է հետխորհրդային երկրների ինտեգրմամբ։

Լուկաշենկոն նաև ակնարկել է, որ Ղազախստանի ղեկավարության հետ համակարծիք են ինտեգրման գործընթացների հարցում, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանն է ստիպված զիջել, քանի որ նա ամենից շատն է աշխարհաքաղաքական առումով հետաքրքրված ինտեգրմամբ։

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը տեղի կունենա այսօր, Մինսկի համար կարևոր է, քանի որ ավարտվում է նրա ղեկավարության շրջանը, և Լուկաշենկոն պետք է պատասխան տա մեկ տարվա աշխատանքի համար։

Այսօրվա օրակարգում 14 կետ կա։ Գագաթնաժողովի ընթացքում կայանալու են նաև երկկողմ հանդիպումներ։

No comments:

Post a Comment