Popular Posts

Saturday, October 5, 2013

Հայաստանի կառավարությունը պարզաբանել է, որ գազը թանկացել է «Հայռուսգազարդ» և «Գազպրոմ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն: Այս պարզաբանումը ՀՀ կառավարությունը տարածել է այն աղմուկից հետո, որն առաջացավ՝ կապված ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների հետ: 

Հիշեցնենք, որ վարչապետն ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցմանն՝ ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի պայմանագիր գոյություն չունի, և բանակցությունները դեռ շարունակվում են: Սրանից հետո հասարակության մոտ, բնականաբար, հարց առաջացավ, որ եթե պայմանագիր գոյություն չունի, ապա ինչպե՞ս է գազը թանկանում Հայաստանի սպառողների համար: Եվ ահա, ուրեմն, կառավարությունը պարզաբանում է, որ գազը թանկանում է «Հայռուսգազարդի» և «Գազպրոմի» միջև պայմանագրի համաձայն: Հիշեցնենք, որ այս երկու ընկերություններն, ըստ էության, նույն սուբյեկտն են՝ «Հայռուսգազարդի» 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմին»: 

Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ «Գազպրոմն» ինքն իր հետ պայմանագիր է կնքում և թանկացնում Հայաստանի գազը: Ավելին, շուտով երևի «Գազպրոմը» կդառնա «Հայռուսգազարդի» 100 տոկոս բաժնետեր, որովհետև Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը ևս հանձնել «Գազպրոմին»: 

Այս ամենով հանդերձ, հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ շուրջ են բանակցում Հայաստանն ու Ռուսաստանը, եթե «Հայռուսզագարդն» ու «Գազպրոմն» արդեն բանակցել-վերջացրել են, կնքել են պայմանագիր ու թանկացրել: Կամ՝ եթե «Գազպրոմն» ինքն իր հետ ամեն ինչ վճռել է, այդ դեպքում էլ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Եթե երկու տնտեսվարող սուբյեկտների մակարդակով այդ հարցերը լուծվում են, ապա կառավարությունների բանակցություններն ի՞նչի համար են: Ամենայն հավանականությամբ՝ սուբսիդավորման համար, այն 30 տոկոս սուբսիդավորման, որ խոստացել կամ որի մասին հայտարարել են Հայաստանի իշխանությունները: 

Այսպես, թե այնպես ակնհայտ է, որ ի դեմս գազի գնի խնդրի, Հայաստանի հասարակությունը ստանում է, այսպես ասած, երկրորդ ղարաբաղյան բանակցություններ՝ իրենց գաղտնիության և խորհրդավորության իմաստով: Այսինքն, բոլորը գիտեն, որ անընդհատ, պարբերաբար բանակցում են գազի շուրջ, բայց թե հատկապես ինչ բովանդակությամբ՝ ոչ ոք չգիտի: Մի տարբերությամբ միայն՝ ղարաբաղյան բանակցություններն անմիջականորեն ռազմական անվտանգությանը վերաբերող բանակցություններ են, իսկ գազի դեպքում խոսքը տնտեսական անվտանգության մասին է, թեև խոշոր հաշվով այս ամենն ընդհանուր առմամբ հանգում է մեկ գլոբալ՝ անվտանգության խնդրի: Իսկ ինչքան շատ են գաղտնի բանակցությունները, որոնց մեջ ներքաշված են իշխանությունները, և որոնցից տվյալ երկրի հասարակությունը տեղեկություններ չունի, այլ ընդամենը փաստի առաջ է կանգնում պոստ-ֆակտում, այնքան այդ երկրի անվտանգությունը խոցելի է: Եվ արդեն, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ երկու այդպիսի բանակցություններ Հայաստանն ընթացքի մեջ ունի: Երրորդն էլ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էր, որ այսօր կասեցված է: 

Ըստ էության, գաղտնի էին նաև եվրաասոցացման բանակցությունները, որոնք ևս արդեն անցյալում են, թեև այսօր էլ Հայաստանն ինչ-որ բաներ է փորձում պայմանավորվել Բրյուսելի հետ: Այսինքն, Հայաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների անունից տարբեր ուղղություններով օնլայն կամ անցյալ ռեժիմով բանակցություններ են վարում, որոնցից հասարակությունը բացարձակապես գաղափար չունի, որոնց ընթացքի վերաբերյալ հասարակությանը որևէ մեկը հաշվետու չէ: Էլ ինչպիսի՞ն է լինում ազգային անվտանգության սպառնալիքը:

No comments:

Post a Comment