ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Միշել Վուազենը նշել է, որ չնայած ընտրական գործընթացը լավ է կազմակերպված եղել, իսկ քվեարկության օրն էլ խաղաղ մթնոլորտում է անցել, այնուհանդերձ, դիտորդները թերություններ են արձանագրել ձայների հաշվարկի գործընթացում։
Այս կապակցությամբ Վուազենը հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն այդ ոլորտում ամեն ինչ համապատասխանացնել ԵԱՀԿ-ի պահանջներին։
Ընտրությունների վրա բացասաբար է ազդել նաև այն, որ ընդդիմադիր թեկնածուները հավասարաչափ հասանելիություն չեն ունեցել ԶԼՄ-ներին, իսկ որոշ լրագրողներ էլ ենթարկվել են ճնշումների ու հետապնդման։
Եվրոպացի դիտորդների կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ նախագահական ընտրություննների անցկացման հետ կապված առաջարկությունները։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնեթը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին արագ արձագանքել դիտորդների բարձրացրած հարցերին։
Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան հայտարարել է, որ Ադրբեջանում ընտրական գործընթացը մեծ մասամբ չի համապատասխանում ԵԱՀԿ-ի պահանջներին։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով ստացել է քվեների 84%-ից ավելին։
Ընտրական գործընթացին հետևել է ավելի քան 1200 դիտորդ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՊՀ-ից, ԵԱՀԿ-ից, Եվրախորհրդարանից։ Ավելի վաղ ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևն ընտրությունները գնահատել էր «ազատ և ժողովրդավար»։
Մինչդեռ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որի ընթացքում ջերմ շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը։
Ավելի վաղ Ալիևին ուղղված շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ«Ալիևի համոզիչ հաղթանակը վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության մասին»։
No comments:
Post a Comment