Popular Posts

Tuesday, October 15, 2013

Գորիսի նախկին քաղաքապետ (92-94 թթ.), Ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր մանրամասներ է պատմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի անցյալից: 

Նրա պատմելով՝ 1992-ի մայիսի 5-ին, հակառակ այն ժամանակ իր հանդեպ իրականացված քաղաքական հետապնդումներին և ֆիզիկական բռնություններին՝ ավելի քան եռապատիկ կողմ ձայներով հաղթել է ՀՀՇ թեկնածուին և ընտրվել պատգամավորների Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ (քաղաքապետ), սակայն իր հաղթանակն օրվա իշխանավորներն ընդունել են սվիններով, և երեք օր հետո՝ մայիսի 8-ին, Գորիսի քաղխորհրդի և շրջխորհրդի համատեղ նստաշրջանի որոշմամբ լուծարվել է ժողովրդի արդարացի հակակրանքին արժանացած Գորիսի պաշտպանության ինքնահռչակ խորհուրդը, որի գործունեության մեջ բացասական առանցքային դերակատարում ուներ Լիսկան, և ընտրվել է Գորիսի ինքնապաշտպանության կոմիտե՝ քաղխորհրդի և շրջխորհրդի գործկոմների նախագահների համանախագահությամբ: Նստաշրջանը, ըստ Սամվել Հարությունյանի, այն ժամանակ դիմել է նաև ՀՀ նախագահին, կառավարությանը և ՊՆ-ին՝ Գորիսի կազմավորվող զորամասի հրամկազմում բացառելու քրեական տարրերի նշանակումը: 

«Նստաշրջանին հաջորդած Գորիսի ազատամարտիկների ընդհանուր հավաքը միաձայն ընդունած որոշմամբ դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ Գորիսի կամավորականների միասնական զորամասի հրամանատար նշանակելու նվիրյալ և փորձառու ազատամարտիկ Լերմենտ (Սոս) Սարգսյանին: Հակառակ այդ որոշումների՝ 1992-ի ամռան վերջերին Գորիսի նորաստեղծ պայմանագրային գումարտակի հրամանատար նշանակվեց նախկինում դպրոցից հեռացված, գողության, չարամիտ խուլիգանության, հայ կին, աղջիկներ ունենալու պարագայում ամուսնանալու նպատակով թուրք աղջիկ առևանգելու և բռնաբարելու համար դատապարտված, տարիներ շարունակ կալանավայրերում ազատազրկված Սուրիկ Խաչատրյանը՝ տխրահռչակ Լիսկան, որին վերապահված գլխավոր «առաքելությունը» Գորիսի անհնազանդ քաղաքապետին ֆիզիկապես ոչնչացնելը կամ առնվազն պաշտոնանկության ապահովումն էր»,- ասաց նախին քաղաքապետը՝ հավելելով, որ դրա համար նրան թույլատրված էր անել ամեն ինչ, միաժամանակ նրան ներվելու էր ամեն բան: 

Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրեն Խաչատրյանը 1992-ի դեկտեմբերի 26-ին Սիսիանի շրջանի Զորզոր վայրում մի քանի պատգամավորների պատվին կազմակերպած խնջույքի ժամանակ երկրորդ անգամ չերգելու համար կրակում է իրենից հղի սիրուհու՝ Արևիկ Միրզոյանի որովայնին, ծանր հրազենային վնասվածքներ պատճառելով նրան՝ սպանում իր իսկ դեռ չծնված երեխային: Սիսիանի բժիշկները վիրահատում և դժվարությամբ փրկում են Ա. Միրզոյանի կյանքը: Նախկին քաղաքապետը նշեց, որ Սիսիանի դատախազությունում (դատախազ Գարիկ Պետրոսյան) Ա. Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը հետաքննել է քննիչ Ռազմիկ Դանիելյանը: Արևիկ Միրզոյանը քննությունն իրականացնողներին հայտնել է, որ իր սպանության փորձի հեղինակը եղել է Սուրիկ Խաչատրյանը: Իսկ արդեն 1993-ի փետրվարի 19-ին Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, որի գզրոցներում էլ, Ս. Հարությունյանի բնորոշմամբ, արդեն խունացած վիճակում դեգերում է ավելի քան քսան տարիներ: 

Ըստ նրա՝ զորավոր հովանավորները ոչ միայն կանխում են Լիսկայի դատապարտումը, այլև նրան մղում իրականացնելու գլխավոր «առաքելությունը»: Այդ արտասովոր քրեական դուրսպրծուկը զինված բանդայով 1993-ի փետրվարի 25-ին հարձակվել է պատերազմի ընթացքում օրնիբուն ժողովրդին ծառայող, Գորիսում ընտրված անզեն քաղաքային իշխանության վրա, գրավել քաղաքապետարանի շենքը, պատանդ վերցրել քաղաքապետին, և իրեն պարզած զենքերի սպառնալիքի տակ փորձել ստիպել հրաժարական տալու քաղաքապետի պաշտոնից: 

«Իմ խորին համոզմամբ՝ եթե ես զենքս այդ օրը Աստծո կամքով մոռացած չլինեի տանը և կրեի այն, ապա ստիպված դիմելու էի ինքնապաշտպանության, ինչի համար գնդակահարվելու և սպանվելու էի հենց իմ աշխատասենյակում՝ համալրելով 1991-ի փետրվարի 11-ին ՀՅԴ Գորիսի կոմիտեի նախագահ Արմեն Ալեքսանյանի, նրա ընտանիքի յոթ անդամների, 1992-ի ապրիլի 15-ին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին դաշնակցական նախագահ Արթուր Մկրտչյանի, 1992-ին սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի դաշնակցական նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունների շարքը: Լիսկան առաջնորդվել է Գորիսի անհնազանդ քաղաքապետի սպանության այդ հրեշավոր պլանով, որը, ինչպես ասացի, Աստծո կամոք խափանվել է իմ կողմից»,- ասաց նախկին քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը չի ենթարկվել Լիսկայի վայրենաբարո պահանջին, իսկ Գորիսի քաղաքապետարանի շենքը մեկ օր գրավված է եղել Լիսկայի զինված հրոսակախմբի կողմից: Նա պատմեց, որ շենքը ազատագրվել է միայն հաջորդ օրը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի՝ Գորիս ժամանելուց և գորիսեցիներից ներողություն խնդրելուց հետո:

Մինչդեռ, ըստ նրա, պաշտպանության նախարարի անվճռականության պատճառով Սուրիկ Խաչատրյանը կատարած այդ ծանրագույն հանցագործության համար ոչ միայն չձերբակալվեց, անգամ պաշտոնանկ չարվեց: Հակառակ դրան՝ երկու օր հետո ՀՀ վարչապետի կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը մանրակրկիտ ստուգումներ է սկսել Գորիսի քաղաքապետարանում՝ նպատակ հետապնդելով քաղաքապետի գործունեության ընթացքում հայտնաբերել թեկուզ մեկ ֆինանսական խախտում և կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ: Սա, ըստ նրա, նման էր մթության մեջ սև կատու որոնելուն, քանի որ կառավարական հանձնաժողովը՝ հակառակ գործադրած ջանքներին, ոչինչ էլ չի հայտնաբերել: 

«Այս և այլ ծանր ոճիրները մարսելուց հետո Լիսկան 94-ի մայիսի վերջերին իր հովանավորների մոլագար որոշումներով կարգվել է Գորիս քաղաքի, ապա կարճ ժամանակ անց Գորիսի տարածաշրջանի բիրտ տիրակալ, ապա 1995-99, 2003 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, 2004-2013-ի հունիսը՝ Սյունիքի մարզպետ: 

ՀՀ անկախության տարիներին Լիսկան հազարապատկել է իր նախկին ոճիրների թիվը, հանցավոր գործարքների միջոցով ձեռք բերել Գորիսի միջնակարգ դպրոցի ատեստատ, Գորիսի «Պրոգրես» համալսարանի, ՀՀ կառավարման ակադեմիայի գերազանցության դիպլոմներ, Հայոց բանակի կապիտանի, մայորի, փոխգնդապետի, գնդապետի ուսադիրներ, ՀՀ պետական մի շարք բարձր պարգևներ, այդ թվում՝ նաև «Մարտական խաչ» շքանշան, մեր հայրենիքից հափշտակել Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքների և Սյունիքի 105 համայնքների վերջին 22 տարիներին ընդհանուր բյուջեին գերազանցող ավելի քան 200 մլն դոլարի ֆինանսական միջոցներ, օգտակար հանածոներով հարուստ հանքեր, լճեր, արտադրական ձեռնարկություններ, շենքեր, շինություններ, հողատարածքներ: Նույն բախտն է սպասվում նաև Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ ձեռնարկությանը՝ Որոտանի ՀԷԿ-երի կասկադին: 

Գորիսի իր առանձնատան դիմաց Ավետիք և Արտակ Բուդաղյանների սառնասիրտ գնդակահարության, դրան հաջորդած աղաղակող անիրավության իրողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Լիսկան Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության «պահապան հրեշտակն» է, որ հայ ժողովրդին մինչև վերջ կեղեքող, մեր արտաքին թշնամիների ջրաղացին ջուր լցնող ռեժիմի անունն է «լիսկայություն»: Ուստի գիտակցենք մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը և ենթարկվենք քաղաքամայր Երևանի Ազատության հրապարակում հասունացող հայոց ազատագրական պայքարի՝ բիրտ ռեժիմին «լիսկայությանը. պատմության աղբանոցը նետելու հրամայականին»,- ասաց նա:

No comments:

Post a Comment