Popular Posts

Monday, October 21, 2013

Օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան միջադեպի փաստը եթե ընդունվում է, իսկ առնվազն ՕԵԿ-ականներն ընդունել են, որ եղել է «տղամարդկային բանավեճ», ուրեմն տեղի ունեցածը այնպիսի բովանդակություն կամ դրսևորում է ունեցել, որ առնվազն հնարավոր չէր «սուխոյ ատկազ» գալ: Ըստ որում, ասվում է, որ «բանավեճի» պատճառը եղել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է ֆեդերացիայի նախագահ՝ Լիսկայի փոխարեն: 

Սակայն այս բացատրությունը, որ ՕԵԿ-ականներն էին ներկայացրել, ըստ էության կարելի է նույնիսկ զավեշտալի համար: Սակայն ընդհանուր հաշվով ոչ մի էական նշանակություն չունի կամ, այսպես ասած, քիչ է հետաքրքիր, թե ինչի համար է եղել միջադեպը: Հետաքրքիրն այստեղ ըստ էության այն է, որ արձանագրվել է «շփում» ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի միջև: 

Խնդիրն այն է, որ այս երկու կուսակցությունները բավական միանման և հետաքրքրական դերակատարում են ունեցել իշխանական համակարգում: Երկուսն էլ, ըստ էության, տարբեր ժամանակահատվածներում կատարել են իշխանության և հասարակության միջև բուֆերի դեր, այսինքն՝ այդ ուժերը տարբեր ժամանակահատվածներում իրենց վրա են վերցրել ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասի չեզոքացումը, հասարակական էներգիայի մարումը՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնապես կամ էլ իրենց ակնհայտ գործողություններով համագործակցել են իշխանությունների հետ: 

Ահա այս տեսանկյունից է, որ բուֆերների առաջնորդների միջև տեղի ունեցածը կարող է հետաքրքրական լինել: Այլապես զուտ անձնական հարաբերությունների և որակումների մակարդակով տեղի ունեցածը ընդամենը հայկական, այսպես կոչված, էլիտայի փոխհարաբերություններին բնորոշ իրողություն է, որից այլևս զարմանալ չի կարելի: 

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ են բուֆերները կռվում, եթե կարող ենք այսպես ասել: Առաջին պատասխանը կարող է այն լինել, որ տեղը պարզապես նեղացել է: Այսինքն՝ իշխանական համակարգում երկու բուֆերի տեղ այլևս չկա, և պետք է մնա մեկը: Սակայն շատ հնարավոր է, որ տեղի է ունենում առավել ընդգրկուն մի գործընթաց, որի նախանշանները նկատվում են միջադեպի ու դրա հետևանքով ԲՀԿ-ականների և ՕԵԿ-ականների արձագանքներում: 

Շատ հավանական է, որ ՀՀԿ-ն այլևս ԲՀԿ-ի դեմ մարտի է հանում ՕԵԿ-ին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ի վրա է դնում ԲՀԿ-ին հարկ եղած դեպքում հարվածելու առաքելությունը: Սրանով նա, ըստ էության, նախ փորձում է ցուցադրաբար իջեցնել Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը՝ նրան դնելով Արթուր Բաղդասարյանի հետ նույն հարթության վրա, իսկ միևնույն ժամանակ էլ ՀՀԿ-ին դուրս է բերում այս ամենից, որովհետև ՀՀԿ-ն իր ներսում ներկայումս մի այնպիսի խառնաշփոթ իրավիճակում է, որը կարիք ունի, այսպես ասած, առանձին կարգի բերվելու, և ավելորդ «սպարինգ» վիճակները Սերժ Սարգսյանին կարող են միայն խանգարել ՀՀԿ-ի ներսում ուժերի փոխհարաբերությունները և մրցակցությունը վերահսկելու համար: 

ԲՀԿ-ում էլ, ամենայն հավանականությամբ, հասկացել են այս ամենի ավելի ընդգրկուն մասշտաբները, ինչի պատճառով էլ ԲՀԿ-ականներն, օրինակ, արձագանքում են «Արթուր Բաղդասարյանն ով է, որ Ծառուկյանի հետ համարձակվի վիճել» տարբերակով: 

Այսինքն՝ ԲՀԿ-ն փորձում է մերժել այն մակարդակը, որ հրամցնում է Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի հետ, այսպես ասած, «տղամարդկային բանավեճում» Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, մնում է իշխանական փոխհարաբերությունների և իշխանության ձևավորման գործընթացի շուրջ զարգացումների առաջին խաղացողների շարքում, այսպես ասած՝ «բարձրագույն խմբում»: Իսկ երբ ՀՀԿ-ին փոխարինում է ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և Ծառուկյանը, ըստ էության, ենթարկվում են այդ կարևոր պրոցեսի առաջին գծից, այսինքն՝ որոշիչ սուբյեկտների շարքից դուրս մնալու վտանգին: 

No comments:

Post a Comment