Popular Posts

Monday, October 28, 2013

Վրաստանի նախագահական ընտրություններում որևէ արտառոց բան տեղի չունեցավ՝ հաղթեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախագահական թեկնածուն, Սաակաշվիլիի կուսակիցը հայտնվեց երկրորդ տեղում, իսկ Նինո Բուրջանաձեն, որը հանդիպումներ էր ունենում ռուսական քաղաքական շրջանակների և նույնիսկ Պուտինի հետ ու պայքարում Սաակաշվիլիի դեմ, մնաց երրորդ տեղում:

Նախևառաջ այս հանգամանքը հատկանշական է նրանով, որ Պուտինի հետ հանդիպող և Վրաստանում իշխանությունների դեմ պայքարող Նինո Բուրջանաձեն ոչ թե ակնածանքի արժանացավ հասարակության շրջանում, թե նա Պուտինի հետ էր նստում-վեր կենում կամ տալիս-առնում, ինչը հավանաբար կասեին Հայաստանում և ինչի մասին Հայաստանի շատ` այսպես կոչված ընդդիմադիրներ կերազեին, այլ հասարակությունը նրան ընդամենը երրորդ տեղ տվեց, մոտ 10 տոկոս ձայնով:

Դա ցույց տվեց, որ Վրաստանի հասարակությունը ռուսական թեկնածուներին տեղ չի տալիս, այլ կերպ ասած՝ ռուսական քաղաքական գիծը Վրաստանում հասարակական պահանջարկ չունի մինչև այսօր էլ, չնայած որ հասարակությունը չի վստահում ակնհայտ հակառուսական կուրսի կրող Միխեիլ Սաակաշվիլիին: Պատահական չէ, որ նոր իշխանությունները ևս հայտարարում են եվրատլանտյան կուրսին հավատարմության մասին, որովհետև դա հասարակական պատվեր է, և նրանք չեն գնա այդ պատվերի դեմ:

Մնացյալ առումով, ընտրություններում եղավ այն, ինչ պետք է լիներ: Հետաքրքիր է այն, ինչ լինելու է հետո: Հայաստանի համար էլ հետաքրքրական է հետոն: Նկատի ունենալով, որ Վրաստանում ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունները և իշխանական լիազորությունների մի մեծ մասը անցնելու է խորհրդարանին ու կառավարությանը, կարող ենք ասել, որ Վրաստանում այլ բան չի լինի, քան այն, ինչ կա նախորդ տարվա հոկտեմբերից սկսած, երբ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթեց պառլամենտական ընտրություններում: Այս տեսանկյունից, Հայաստանին Վրաստանից մեծ անակնկալներ չեն սպասվում, և կարելի է կանխատեսել հիմնականում այն, ինչ կար այս ամիսների ընթացքում: Այստեղ շատ ավելի էական է վրացական իրողությունների առավել ընդգրկուն իմաստը, հատկապես Հայաստանի մի շարք քայլերի արդյունքում:

Սեպտեմբերի 3-ին հրաժարվելով եվրաինտեգրման ինտենսիվ քաղաքականությունից և կոնկրետ Ասոցացման գործընթացից` Հայաստանն, ըստ էության, վերջնականապես բաց թողեց Վրաստանին՝ տարածաշրջանային արդիականության համար պայքարում: Եվրոպական կուրսի արդյունքում Հայաստանը տարածաշրջանում հասել էր մի իրավիճակի, երբ ուղղակիորեն վերցրել էր քաղաքական նախապատվությունը Վրաստանից: Խոսքը արևմտյան ազդեցիկ քաղաքական կենտրոնների նախապատվության մասին էր, ինչն ըստ էության պարունակում էր տնտեսական ու ռազմա-քաղաքական անվտանգության հեռանկարներ: Սակայն Հայաստանը կտրուկ հետ կանգնեց այդ ամենից, փոխարենը Վրաստանը նախորդ տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետ զգալիորեն միավորներ կուտակեց իր օգտին, իսկ նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում՝ արդեն Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասին կապիտուլյացիոն գործողությունների ֆոնին, կարելի է ասել, էական առաջընթաց արձանագրեց տարածաշրջանի քաղաքական սցենարներում հեռանկարային դերի շուրջ Հայաստանի հետ անուղղակի մրցակցության մասով: Վրաստանը հետ բերեց այդ մրցակցության մեջ կորցրած առավելությունը, թեև այստեղ ավելի շատ կարելի է ասել, որ Հայաստանն իրականում փոշիացրեց իր այն միավորները, որ հավաքել էր Ասոցացման գործընթացի շնորհիվ:

Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները՝ ոչ թվաբանական, այլ քաղաքական իմաստով հենց այս առումով են կարևոր Հայաստանի համար: Սա, ըստ էության, ունի նաև մեկ այլ կարևոր նրբերանգ: Սա նշանակում է, որ տարածաշրջանն առժամանակ մտնում է քաղաքական վակուումի փուլ: Այսինքն` Հայաստանը հետ է մնացել քաղաքական դերակատարության համար մրցակցությունում, իսկ Վրաստանն էլ, ըստ էության, առաջատարությունը կրկին ստանձնելով` ըստ էության իրենից չի ներկայացնում այն ներուժը, որը թույլ կտա այդ երկրի հետ կապել լուրջ քաղաքական հեռանկարներ և սցենարներ: Սա նշանակում է, որ կովկասյան քաղաքականության առումով առաջիկայում առաջանալու է այս լուրջ սցենարների և հեռանկարների որոշակի ճգնաժամ, դեֆիցիտ, յուրօրինակ դադար, որը հայտնի չէ, թե ինչքան կշարունակվի: Ավելին` ըստ էության կարելի է ասել, որ Միխեիլ Սաակաշվիլիի տապալման պատճառը կարող է համարվել հենց Հայաստանը:

Բանն այն է, որ Ասոցացման գործընթացի մեջ լինելով և ըստ էության ստվերելով Վրաստանի դերակատարությունը` Հայաստանն Արևմուտքի համար ստեղծեց մի իրավիճակ, երբ Սաակաշվիլիին կարելի էր զոհել ավելի չափավոր իշխանության փոխարեն, որը Վրաստանի պարագայում կթուլացներ կոնֆրոնտացիան Ռուսաստանի հետ: Պետք չէ բացառել, որ եթե Արևմուտքի մտքով անցներ, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ է կատարելու, ապա Արևմուտքը ավելի մեծ ջանքեր կգործադրեր Սաակաշվիլիի կուսակցության խորհրդարանական հաղթանակի համար` թույլ չտալով նրան զիջել իշխանությունը: Արևմուտքը Վրաստանի հարցում չէր գնա Ռուսաստանի հետ փոխզիջման և Սաակաշվիլիի ռադիկալ իշխանությունը Իվանիշվիլիի իշխանության փոխելու քայլին, եթե կասկածեր Հայաստանի իշխանությունների հաստատակամությանը:

Այսպիսով, ըստ էության պարզ է դառնում Կովկասում արևմտյան ընդհանուր ռազմավարության տապալումը: Միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունը տապալվում է ոչ թե մեկ այլ ռազմավարությամբ, այլ, ըստ էության, ոչ մի բանով: Այսինքն` չկա հաղթող ռազմավարություն: Սա էլ հենց նշանակում է վակուում: Եվ սա է ամենամեծ վտանգը, որ առկա է կովկասյան ներկայիս իրավիճակում, քանի որ վակուումի պարագայում իրադարձությունների զարգացումը զգալիորեն դառնում է անկանխատեսելի, որովհետև վերանում են կայուն չափորոշիչները, որոնցից կարող էին բխել հետագա զարգացումների վերաբերյալ քիչ թե շատ հաստատուն կանխատեսումներն ու եզրակացությունները:

No comments:

Post a Comment