2012 թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորված՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը, ինչպես հայտնի է, նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Էթիկայի այդ հանձնաժողովն իր ձևավորման օրվանից այդպես էլ բարձրաստիճան անձանց կողմից էթիկայի խախտման դեպքերի չհանդիպեց: Այն դեպքում, երբ դրա պակասը մեր երկրում, հատկապես ԱԺ-ում չկա: Պատգամավորներն անարգել հայհոյում են իրար, կրակում մեկը մյուսի վրա, իսկ վերոնշյալ հանձնաժողովի կողմից զրո արձագանք: Ի դեպ, նշենք, որ 5 հոգուց բաղկացած այդ հանձնաժողովում բավական բարձր` 600 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում: Նշենք նաև, որ հանձնաժողովում Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանից փորձեցինք պարզել, թե հատկապես ինչու է իր վրա կանգնել ընտրությունը: Վերջինս, սակայն, այնքան էլ հակված չէր մամուլի հետ շփմանը և շատ չինովնիկների պես մատնանշում էր լրատվական ծառայությունը: Այնուամենայնիվ մի քանի հարց ուղղեցինք Բաբայանին.
- Պարոն Բաբայան, մամուլում գրվեց, որ Դուք Կոստանյանի մտերիմն եք, կուրսեցիներ եք: Դրանո՞վ է պայմանավորված ձեր նշանակումը:
- Մենք կուրսեցի չենք, մենք միասին աշխատել ենք Արդարադատության նախարարությունում:
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը դատախազությունում Էթիկայի հանձնաժողովից հետո:
- Ես վստահ եմ, որ կստացվի:
- Լեզու կգտնե՞ք Կոստանյանի հետ: Ասում են՝ Ձեր նախորդները դատախազությունից հեռացել են հենց նրա հետ լեզու չգտնելու պատճառով:
- Դուք ո՞նց եք պատկերացնում: Ես մի քանի ժամ է, ինչ այստեղ եմ, և դեռ չգիտեմ դատախազի տեղակալներն ինչ են անում:
- Պարոն Բաբայան, վերջապես կասե՞ք՝ ինչով էր զբաղված Ձեր գլխավորած Էթիկայի հանձնաժողովը: Բարձրաստիճան անձանց վերաբերող քանի՞ դիմում եք քննել մինչ օրս:
- Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Այդտեղ համապատասխան մարդիկ աշխատում են, և իրենք են լիազորված բոլոր հարցերին պատասխանել:
- Հարցը Ձեր ղեկավարման ժամանակահատվածին է վերաբերում: Քանի՞ դիմում եք քննել և ինչ եզրակացություններ եք տվել:
- Այս տարիների ընթացքում ինչ որ արվել է, արտացոլված է մեր կայքում, իսկ նոր ով կգա աշխատելու, հանգամանալից կբացատրի, թե ինչ է արվել, ինչն է ճիշտ արվել, ինչն է սխալ արվել:
- Որքանո՞վ է արդարացված այդ կառույցի գոյությունը: Կարծիք կա, որ դա արհեստական կառույց է, որի անդամները ոչինչ չանելու դիմաց բավական բարձր աշխատավարձեր են ստանում հարկատուների հաշվին:
- Ես ճիշտ սուբյեկտ չեմ այդ հարցին պատասխանելու: Հանձնաժողովը ստեղծվել է օրենքի հիման վրա՝ հանրապետության նախագահի կողմից: Եվ Դուք պետք է դիմեք կա՛մ ԱԺ, կա՛մ հանրապետության նախագահին՝ պարզելու՝ արդյոք ճի՞շտ էր այդ կառույցի ստեղծումը:
No comments:
Post a Comment