Popular Posts

Sunday, October 6, 2013

«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի բացումը կնշանակի, որ ամբողջ պետական համակարգը կապված է պետական նշանակության հուշարձանը քանդելու հանցագործության հետ, անմնացորդ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով նույնպես մասնակցում է շուկան քանդելու դեմ բողոքի ակցիաներին։ Նա հայտարարեց, թե «կամ-կամ» է՝ կամ պետականություն, կամ Փակ շուկայի բացում, երրորդ տարբերակ չկա։

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ առաջիկայում նախատեսվում է Փակ շուկայի բացումը, որի կապակցությամբ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ «Առաջիկայում սպասվում Է «Սիթիի» հանդիսավոր բացումը և ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք-խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների և հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ»,- գրել էր թերթը։

Վարդան Հակոբյանը բացատրեց, թե դա առանց օրենքը շրջանցելու անհնարին է կազմակերպել, քանի որ այդ ամբողջ գործընթացը «գլուխ պետք է բերեն փաստաթղթերով», ինչն էլ կհաստատի պետական մի շարք կառույցների հանցագործությանը մասնակից լինելը։

«Սամվել Ալեքսանյանը ուզում է քաղաքապետի հետ չէ՝ Հռոմի պապի հետ գաղտնի հանդիպի, ի՞նչ կապ ունի, դա մեզ ոչ մի ձևով չի հետաքրքրում։ Մի բան հստակ է՝ հնարավոր չէ գաղտնի ձևով էլ բացում անեն։ Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ կոմպլեքսի գաղտնի բացումը, նշանակում է, որ հանրապետությունում չկա Կադաստրի պետական կոմիտե, չկա Պետեկամուտների կոմիտե, որպեսզի այդ օբյեկտում ընդհանրապես առևտուր կայանա կամ ցանկացած տեսակի գործունեություն։ Այդ պատկան մարմինները պետք է թուղթ տան, որ առևտուր կայանա, հասկանո՞ւմ եք, թե՝ ոչ»,- նշեց նա և օրինակ բերեց, որ ՊԵԿ-ը բացվելու թույլտվության համար պետք է նախ ՀԴՄ տրամադրի վերջինիս, իսկ դա պետք է հիմնված լինի Կադաստրի կոմիտեի տրամադրած սեփականաշնորհման վկայականի հիման վրա։

Մինչդեռ ըստ նրա,Կադաստրի պետական կոմիտեն իրենց ուղարկած նամակին պատասխանել է, որ սեփականատերը ոչ մի փաստաթուղթ չունի, որպեսզի որևէ փաստաթուղթ տրամադրի հարցը հետաքրքրող կողմին։

«Այսինքն՝ իրենք ոչ մի բան չեն ստացել, եթե հանկարծ բացվեց այնտեղ ինչ-որ բան եղավ, դա նշանակում է, ՊԵԿ-ը փաստաթուղթ է տվել, առանց Կադաստրի կոմիտեի վկայականի, իսկ Կադաստրի կոմիտեն չի կարող տալ, որովհետև իրեն նախագծի ակտ չեն տրամադրել։ Քաղաքապետարանն էլ չի կարող թույլ տալ այդ օբյեկտի վերջնական բացումը, որովհետև ինքը ոչ նախագիծ է տվել, ոչ շինարարական թույլտվություն և ընդհանրապես իրենց չի տվել որևէ թույլատվություն, այնտեղ գործունեություն ծավալելու։ Հետևաբար, եթե այդպիսի բան տեղի ունենա, ուրեմն բոլորը՝ քաղաքապետը, շինվարչության պետը, մշակույթի նախարարը, ՊԵԿ-ը, Կադաստրի պետական վարչությունը, տարածքային կառավարման նախարարը, վարչապետը, բոլորը պետք է թոշակի գնան»,- նշեց նա։

Մեր դիտարկմանը, թե այդուհանդերձ արդեն իսկ առանց իր թվարկած փաստաթղթերի շինարարությունն ընթացել է և ավարտին է հասցվել, ինչն էլ նշանակում է, որ դրանք երկրորդական են և առանց դրա էլ հնարավոր է, Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մի բան է, որ ընթացքի մեջ է և հնարավոր է ուղղել, մեկ այլ բան, որ իրենք հաստատում են։ Եթե որևէ չինովնիկ հաստատի և դրա տակ ստորագրի (ի վերջո, դա հանրապետական նշանակության հուշարձան է, և դրա համար պատասխանատու է տարածքային կառավարման նախարարը) մի հարց է, իսկ եթե որևէ մեկը ձեռքերը լվանա, դա արդեն այլ հարց է։ Ոնց որ օրը ցերեկով մարդ սպանեն փողոցում ու հանցագործին բռնելու համար որևէ մեկը պատասխանատվություն չվերցնի։ Իսկ օրենքով արգելվում է հուշարձանի վրա ցանկացած փոփոխություն, քանդելն ընդհանրապես արգելվում է, դա վանդալիզմ է կոչվում, իսկ դրա համար պատասխանատուներ պետք է լինեն, անպայման»։

Ըստ նրա, այսքանից հետո, եթե Սամվել Ալեքսանյանը, կամ ով սեփականատերն է, կարողանա բացել, ուրեմն մենք պետություն չունենք։ «Խաղադրույք է դրված կամ կբացվի Փակ շուկան որպես սուպերմարկետ, կամ կվերականգնեն որպես Ծածկած շուկա, ինչով էլ ցույց կտան պետականություն ունե՞նք, թե՞ ոչ։ Հիմա «կամ-կամ» է, կամ պետականություն, կամ Ծածկած շուկա, երրորդ տարբերակ չկա։ Եթե բացվեց մի ամբողջ պետական համակարգ բոլորը դառնում են հանցակից։ Էլ չեմ խոսում դատախազության, Ներքին գործերի նախարարության մասին, որովհետև եղել է հայտարարություն հանցագործության մասին»,- ասաց նա։

Հարցին, թե գուցե Սամվել Ալեքսանյանի հանդիպումը քաղաքապետի հետ հենց այդ նպատակով էլ եղել է, որ շրջանցեն այդ փաստաթղթերը, Նախախորհրդարանի անդամը պատասխանեց, թե դրա համար հարկավոր է մեկ բան. Փակ շուկան հանել հանրապետական նշանակության հուշարձանների ցանկից, ինչը հնարավոր է միայն ԱԺ-ի միջոցով։

«Դե թող ստանան, եթե դա հնարավոր է, ես չեմ կարող քաղաքապետի ձեռքը բռնել, որ ինքը թույլտվություն չտա, բայց եթե ինքը տա, պետք է ԱԺ-ն որոշի, որ դա հուշարձանների ցանկից օտարեն, որովհետև բացումը, եթե լինի, դա հուշարձան չէ, պետք է հուշարձանների ցանկից հանեն»,- նշեց նա։

Իսկ հարցին, թե գուցե այդ ճանապարհով էլ գնան, ցանկից հանեն ու վերջացնեն, Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես ոչինչ չեմ կարող ասել, գուցե պատերազմ էլ հայտարարեն Ադրբեջանին... դա ԱԺ-ն կորոշի, տեսնենք ինչ կանեն, բայց այսօրվա վիճակով օրենքի սահմաններում ոչինչ չեն կարող անել»։

Ամեն դեպքում նա զգուշացրեց, որ եթե բացվի էլ հանկարծ չմտածեն, թե իրենց պայքարը վերջացավ. «Հանկարծ թող հույս չունենան, որ բացեցին ամեն ինչ վերջանալու է։ Փաստերը կան, բոլորը դառնում են խոցելի ու հանցակից, բոլորը՝ մինչև վարչապետ»։

Ըստ Վարդան Հակոբյանի այս հարցով երկուշաբթի օրը կլոր-սեղան է հրավիրված «Նոյյան տապանում», որտեղ հրավիրված են հարցին առնչություն ունեցող բոլոր պատկան մարմինները։

«8 գերատեսչություն հրավիրված է՝ քաղաքապետարան, Տարածքային կառավարման նախարարություն,Մշակույթի նախարարություն և այլն, պետք է դեմ դիմաց նստել ու հասկանալ, թե որ օղակի պատճառով է կատարվում հանցագործությունը։ Եթե չեկան, ուրեմն է՛լ արդարանալու հնարավորությունն էլ չեն ունենա, ինչի կարիքը կա»,- նշեց նա։

Իսկ մինչ այդ, նա տեղեկացրեց, որ իրենք հայց են պատրաստում, դատի տալու կառուցապատողին։ «Մեր իրավաբանները աշխատում են և մյուս շաբաթվա մեջ դատական հայց կներկայացնեն ընդդեմ կառուցապատողների՝ առանց սպասելու, որ դա պետք է աներ Տարածքային կառավարման նախարարությունը և կամ չգիտեմ ով։ Մենք դրա իրավունքը ունենք, անկախ նրանից, բոլոր պետական կառույցները կլծվեն բացելու գործին, թե ոչ»,- եզրափակեց նա։

No comments:

Post a Comment