Հայաստանում շատ է խոսվում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին: Խոսքն այս դեպքում համակարգում արձանագրված խախտումների ու չարաշահումների մասին չէ, այլ այն նոր` կուտակային համակարգի, որին անցնելու ենք 2014-ց:
Ըստ այդմ, աշխատող քաղաքացիները վճարումներ պետք է կատարեն ոչ թե ավագ սերնդի, այլ հենց իրենց համար: Եվ ահա, ՀՀ կառավարությունը Հայաստան է հրավիրել Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի ստեղծողին՝ Խոսե Պինիերային: Վարչապետի հետ ժամեր շարունակ տեւած հանդիպումից հետո Պինիերան ներկայացել է լրագրողներին եւ ներկայացրել շուրջ 30 տարի առաջ Չիլիում մասնավոր կենսաթոշակային համակարգի դրական ազդեցությունը Չիլիի տնտեսության զարգացման վրա։ Մինչ Պինիերան գովազդում է իր ստեղծած համակարգը, Լատինական Ամերիկայի շատ երկրներ հրաժարվում են դրանից։
Տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրած, աշխարհում կենսաթոշակային իբրեւ թե ռեֆորմատոր Խոսե Պինիերան այս օրերին Հայաստանում է։ Չիլիցի տնտեսագետն իր ծրագիրը համարում է հաջողված, սակայն այնքան էլ ծանոթ եւ տեղեկացված չէ հիմնահարցի հայկական տարբերակին եւ հնարավոր ռիսկերին։
"Ես առաջին անգամ եմ Հայաստանում եւ չեմ կարող որեւէ գնահատական տալ։ Ես դեռ այստեղ հանդիպելու եմ այն մարդկանց հետ, այն փորձագետների, ովքեր զբաղվելու են այս համակարգի ներդրմամբ։ Ես բաց եմ բոլոր քննարկումներ համար",- ասում է Խոսե Պինիերան:
Չիլիական փորձի հեղինակը հատուկ հպարտությամբ շեշտում է, որ այն տարածված է մի քանի տասնյակ երկրներում։ Սակայն դրա առաջին ներդրողներից մեկը՝ Արգենտինան, խորհրդարանի որոշմամբ, երկու տարի առաջ հրաժարվեց մասնավոր կենսաթոշակային համակարգից։
Արգենտինաբնակ, Մարիո Նալբանդյանը վստահեցնում է, որ այսօր նաեւ Չիլիում գործող համակարգն է լուրջ հարցականներ պարունակում։ Տարիներ շարունակ կուտակվող գումարները միայն ուղղվում են, այսպես ասած, ֆինանսական կազինոներ։ Մինչդեռ սովորական աշխատավորը բացարձակապես չի օգտվում դրանից։
Եթե 1994 թվականին միջազգային տնտեսական կառույցները դրական են գնահատել չիլիական բարեփոխումները, ապա արդեն 2000 ականներին գնահատականները փոխվել են։ Արգենտինան հրաժարվեց, նաեւ Չիլիում բարեփոխումները որակեցին ձախողված։ Բազմաթիվ գործարարներ չէին վճարել այդ թոշակները։
Մինչ մեր կառավարությունը փորձում է գովազդել իր բարեփոխումները չիլիացի բարեփոխիչի միջոցով, Միացյալ Նահանգներում, եթե ընտրությունների ժամանակ որեւէ մեկը առաջարկում է անցնել կուտակային համակարգին, արժանանում է լուրջ քննադատության։
Որոշ տեղեկությունների համաձայն, տեղական ֆինանսական կառույցները լուրջ դժգոհություններ ունեն։ Այս բարեփոխումներով նախատեսվում է, որ միայն միջազգային ֆինանսական կառույցներին է տրվելու առաջնահերթությունը՝ կուտակային ֆոնդերի համար։
Եթե այսօր Հայաստանը համարվում է արտահանող երկիր է եւ արտահանում է հիմնականում հանքանյութ, նաեւ՝ մարդկային ռեսուրսներ, այս համակարգի ներդրումից հետո նաեւ ֆինանսական միջոցներ է արտահանելու։ Այսինքն, երաշխավորված ծերություն ունենալու համար ներդրված գումարները միջազգային ֆինանսական կառույցները կարող են տնօրինել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Եվ Կառավարության նպատակը, թե այդ գումարներն ուղղվելու են տնտեսության զարգացմանը, լուրջ հարցականներ է առաջացնում։
No comments:
Post a Comment