Popular Posts

Monday, December 12, 2011

Մարտի 1-ի զոհերի հարազատները պահանջում են վարչապետից հարգել իրենց

Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով պահանջ են ներկայացրել ՀՀ վարչապետին: Տիգրան Սարգսյանից հարազատները պահանջում են ճիշտ ձևակերպել «Ժառանգություն» խմբակցության առաջարկը մերժելու պատճառաբանությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ: 

Ըստ Ա. Հովհաննիսյանի`իրենք դիմել են ոչ թե, որ վարչապետը հարց լուծի, այլ ներկայացնի «Ժառանգության» առաջարկը մերժելու բուն պատճառաբանությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ 2008 թ. Մարտի 1-ին իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողությունները ապացուցված փաստ չեն: Այս հայտարարությունը վրդովեցրել էր զոհերի հարազատներին: 

«Մեր նամակը պահանջագիր է: Անգամ Նիկոյանը հանձնաժողովի հաշվետու զեկույցում նշել էր, որ սպանությունները եղել են ոչ իրավաչափ: Դրանից մի քանի տարի հետո ասել, որ Մարտի 1-ին իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողությունները ապացուցված փաստ չէ, նշանակում է Մարտի 1-ի էջը փակել և կոծկել»,- նշեց Ա. Հովհաննիսյանը`հավելելով, որ իշխանությունները պարտավոր են Եվրոպայի առջև իրենց ստանձնած պարտավորությունները կատարել. Համարբերգը իր զեկույցում նշել էր, որ գործողությունները եղել են ոչ համաչափ, իսկ 10 մահվան դեպքերի հետաքննությունը՝ ոչ արդյունավետ: 

Տիգրան Խաչատրյանի մայրը ներկայացրեց վերջին պահանջը. «Մենք գտնում ենք, որ վարչապետի մերժումը վրեժխնդրություն է, պարզապես պահանջում ենք, որ պատճառաբանի այն այլ կերպ, կատարի իր պարտավորությունները, բացահայտի սպանությունները և հարգի քաղաքացիներին` անկախ նրանց քաղաքական հայացքներից»: 

Մարտի 1-ի զոհերի հարազատները իշխանությունից ֆինանսական օգնություն չեն ակնկալում: Նրանք միայն պահանջում են բացահայտել իրենց հարազատների և երեխաների սպանությունները: 

Հիշեցնենք, որ կառավարությունը մերժել էր «Ժառանգություն» խմբակցության այն առաջարկը, որի համաձայն պետք է մարտիմեկյան զոհերի հարազատների ընտանիքներին 500 մլն դրամի փոխհատուցում տրամադրվեր հաջորդ տարվա պետբյուջեից:

No comments:

Post a Comment