Popular Posts

Tuesday, December 13, 2011

Ներսիկ Նազարյանը` շեֆի հեռանալուց առաջ և հետո


2010, մարտ
Ալիկ Սարգսյանին խորթ է իր աշխատակիցների հանդեպ կոշտ ու բռնի մեթոդների կիրառումը, սակայն նրա խոսքը տպավորիչ է և պատկառազդու, վճռական ու հասկանալի: Խստությունը բռնության հետ չշփոթող ոստիկանապետը նույնը պահանջում է իր աշխատակիցներից' սկսած բարձրաստիճան սպայից մինչև ճանապարհային ոստիկանը:
Առանձնապես դժվար ու բարդ է կադրերի ընտրության ճիշտ քաղաքականությունը: Ալիկ Սարգսյանը միշտ շեշտում է, որ ոստիկանության կադրերը մասնագիտական բարձր արժանիքներով օժտված ուժեղ անհատականություն լինելու հետ մեկտեղ պետք է օժտված լինեն բարոյական բարձր արժեքները պահպանելու և փոխանցելու նախանձախնդրությամբ: Այդպիսիներին գտնելու և իրենց կոչումին ծառայեցնելու գործընթացը բարդ է: Այդ իսկ պատճառով պատահականությամբ թե նախախնամության թելադրանքով իրենց ճիշտ տեղում հայտնված պրոֆեսիոնալներն իսկապես հասարակության առողջացման հայելին են, ոստիկանության առողջացման հայելին:
Երկաթյա մասնագիտության տեր, բարձրաստիճան սպայի համազգեստով այս հայորդին մեծ սրտի տեր անձնավորություն է, ընկերասեր, ազնիվ մարդ ու պատրաստ է բարի կամք դրսևորել շրջապատի հանդեպ: Նա ընդունակ է ներելու և հասկանալու բոլորին' ընկերներին, պատահական մարդկանց, անգամ' հանցագործին: Սակայն նրա համար աններելի և անթույլատրելի են ոստիկանության աշխատակիցների գործած մասնագիտական սխալներն ու մեղքերը, որոնք միշտ ծնում են նոր հանցագործություններ և գրեթե զրոյի հավասարեցնում դժվարությամբ ձեռք բերված նվաճումները:
Ալիկ Սարգսյանի անհանդուրժողականությունն այս երևույթի հանդեպ արդարացի է և սահման չի ճանաչում: Հավանաբար հենց սա է նրա հանդեպ ձևավորված հարգանքի, սիրո ու վստահության մթնոլորտի հենքը: Զայրույթի մեջ անգամ ազնիվ ու արդարացի է նա, և այդ մոտեցումը շատ բան կարող է փոխել պետական մտածողության դպրոց ձևավորելու փորձի մեջ, որը նոր-նոր թափ է հավաքում ու հզորանում:
ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր
«Խորհուրդ», թիվ 3, 2010 թ., ՀՀ Ոստիկանությանը կից
հասարակական խորհրդի հանդես
2011, դեկտեմբեր
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը նախօրեին Slaq.am կայքին տված հարցազրույցում բավականին կոշտ արտահայտություններ է արել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին:
Հարցին, թե ինչ արդյունք տվեցին նախկին ոստիկանապետի բարեփոխումները, Ներսիկ Նազարյանը պատասխանել է. «Օրինակ' ես շատ մեծ չէի նկատում այդ բարեփոխումները: Երբ որ պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ որ թղթի վրա բարեփոխումներ էին կատարվում, իսկ դրսում նման թալան էր գնում կամ նման հանցագործություններ բացահայտվեցին, դա, իհարկե, նորմալ չէր կարող լինել: Պարզապես ժամանակ է կորել: Բարեփոխումները պետք է անել բարեփոխված մարդկանցով: Համազգեստ փոխելով միջի մարդը չի փոխվում»:
Փոխարենը Ներսիկ Նազարյանը գովերգել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարած քաղաքականությունը: «Անկեղծորեն ձեզ ասեմ, ես ինձ կարծես նոր եմ համարում նշանակված Երևանի ոստիկանության պետ, որովհետև այն աշխատանքը, որը տարվելու է նոր ոստիկանապետի կողմից, շատ է իմ աշխատաոճին նման: Առաջին հերթին կա հասկացողություն, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Ուղղակի նա ամեն ինչ դրեց իր տեղը' և կադրային քաղաքականությունը, և ստիպեց պահպանել բոլոր որոշումները, հրամանները: Կադրերի նշանակումն այսուհետ չի լինի ինքնանպատակ կամ դրսի ազեցություններով պայմանավորված»,- ասել է նա:
Ներսիկ Նազարյանը նաև նշել է, որ այսուհետ ինքն ունի բոլոր իրավունքները' նշանակելու սեփական կադրերին: Այն հարցին, թե մինչ այդ նման իրավունքներ չէ՞ր ունեցել, պատասխանել է. «Շատ քիչ: Շանս չի տրվել, իսկ նոր ոստիկանապետը տվել է շանս' հավաքելու թիմ, ներկայացնելու կադրեր, որոնք ի վիճակի են աշխատելու և ընտրվում են բացառապես իմ կողմից: Սա լավագույն ձևն է»:
Ն.Նազարյանը ընդգծել է, որ զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկաններն այլևս ոստիկանախեղդ չեն անում այդ տարածքները, ինչպես նախկին ոստիկանապետի օրոք էր: Ներսիկ Նազարյանը նաև բացահայտել է, որ ժամանակին համակարգում նշանակվել են մարդիկ, ովքեր չեն կարողացել աշխատել, բայց ինչ-ինչ ձևերով նշանակվել են, ինչն էլ դժվարացրել է աշխատանքը:

No comments:

Post a Comment