Popular Posts

Friday, December 16, 2011

ՀՀ սոցապ համակարգը

Անցած տարի Վերահսկիչ պալատը բազմաթիվ լուրջ խախտումներ բացահայտեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ինչից հետո 2010-ի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվեց ծառայության պետի պաշտոնից։

Վերջինս չի հերքում, որ իր պաշտոնանկության հարցը կարող է կապված լինել ծառայությունում բացահայտված խախտումների հետ: Այդուհանդերձ, հարուցված քրեական գործով Վազգեն Խաչիկյանին մինչեւ օրս մեղադրանք չի առաջադրվել:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունն արդեն մոտ մեկ տարի գլխավորող Արտեմ Ասատրյանը պարզաբանումներ տվեց գալիք հունվարի 1-ից գործել սկսող ծրագրի մասին. - «Խոսքը վերաբերում է նոր կենտրոնացված կենսաթոշակային տեղեկատվական համակարգին, որը մեկ հենքի վրա, մեկ բազայում ներառելու է հանրապետության բոլոր կենսաթոշակառուների տվյալները»:

Նրա խոսքով, չարաշահումները բացառվելու են. - «Քանի որ համակարգը աշխատելու է տարբեր տեղեկատվական համակարգերի հետ, այն համակարգերի, որտեղ ներառվում են, ասենք, մահերի վերաբերյալ տեղեկատվությունը, հանրապետություն մուտք եւ ելքի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվանդամների վերաբերյալ տեղեկատվությունը»:

Իսկ արդեն 2014 թվականի հունվարի 1-ից, ինչպես հայտնի է, Հայաստանում սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Համաժողովին ունեցած իր այսօրվա ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը մանրամասնեց, որ նոր համակարգն ունենալու երեք բաղադրիչ: Առաջին` պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, երկրորդ` պարտադիր կուտակային բաղադրիչ` քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը, եւ երրորդ` կամավոր կուտակային բաղադրիչ` ըստ քաղաքացիների հայեցողության: Համակարգը պարտադիր է լինելու միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար:

Վարչապետը հավելեց. - «Մեր բարեփոխումները հիմնված են այն սկզբունքի վրա, որ մենք փոխում ենք քաղաքացիների մտածողությունը եւ նրանց մոտիվացիան: Այսուհետեւ աշխատող քաղաքացին գիտակցում է, որ ինքն է պատասխանատու իր ապահով ծերության համար եւ այսօրվանից գործողություններ է կատարում այդ ուղղությամբ: Առաջինը, նա պարտավոր է ընտրել այն հիմնադրամը, որտեղ ցանկանում է կուտակել իր միջոցները: Եվ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվելու է մի հզոր բանակ` մտածող, հաշվարկող, կանխատեսող մարդկանց, որոնք լինելու են խստապահանջ ինվեստիցիոն հիմնադրամների նկատմամբ, խստապահանջ պետության նկատմամբ»:

No comments:

Post a Comment