«Հայկական Ժամանակ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 9-ի համարում հրապարակվել էր հոդված` «Բաց նամակ պարոն նախագահին» վերտառությամբ, որտեղ Հ. Մելքոնյանը հայտնում է, որ իրեն մեղադրում են 8000 դրամ արժողությամբ գարեջուր գողանալու մեջ և որ ինքն արդեն 10 ամիս է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննարկման առարկա են դարձվել բաց նամակում մատնանշված հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
Երևան քաղաքի Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանից գողություն կատարելու դեպքի առթիվ 2011թ. հունվարի 26-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հունվարին Հ. Մելքոնյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Վ. Գրիգորյանի հետ, գողություն կատարելու դիտավորությամբ, ոտքով կոտրել է Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանի փականը, գողացել գարեջուր և հյութեր` պատճառելով 8000 դրամի գույքային վնաս:
Նույն օրը Վ. Գրիգորյանը ձերբակալվել է: Վերջինիս 2011թ. հունվարի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վ. Գրիգորյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժինը, Հ. Մելքոնյանին իր գրանցման հասցեում չհայտնաբերելով, նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Մի քանի օր անց` փետրվարի 19-ին, Հ. Մելքոնյանը հայտնաբերվել և կալանավորվել է:
2011թ. մարտի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, որը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և 14.03.11թ. քրեական գործը վերադարձվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին` լրացուցիչ քննություն կատարելու համար, որտեղից էլ` Էրեբունու քննչական բաժին, քանզի պարզվել է, որ վերը նշված մեղադրյալներից մեկի` Վ. Գրիգորյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում նաև ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում:
Հ. Մելքոնյանը վերոհիշյալ բաց նամակում տարակուսանք էր հայտնել, թե իր քրեական գործը միացրել են անծանոթ երկու անձանց քրեական գործի հետ:
Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 05.03.11թ. հարուցվել է քրեական գործ` քաղաքացու նկատմամբ մի խումբ անձանց կողմից ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Ա. Ղևոնդյանը, Ժ. Ղուկասյանը և Արաբկիրի քննչական բաժնում քննվող, վերը հիշատակված քրեական գործով մեղադրյալ Վ. Գրիգորյանը: Ուստիև` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել են մեկ վարույթում /նույն անձի վերաբերյալ մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը կարող են միացվել մեկ վարույթում/ և նախաքննությունը շարունակվել է ոստիկանության էրեբունու բաժնում:
Արդյունքում` Ժ. Ղուկասյանին և Ա. Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Վ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հ. Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
27.06.2011թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում:
Քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում:
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին ցուցում է տրվել` դատարանում քննության առարկա դարձնել Հ. Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:
No comments:
Post a Comment