Կառավարության ղեկավարը երեկ անդրադարձել է իր ղեկավարած կառավարության հրաժարականի պահանջին, որի մասին երեկ բարձրաձայնեց ՀՅԴ-ն, եւ ինչի անհրաժեշտության մասին արդեն տեւական ժամանակ խոսում են հայ հանրության ամենալայն շերտերը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «մենք» խորհրդարանում ունենք մեծամասնություն, իսկ Հայաստանում չկա որեւէ քաղաքական ճգնաժամ, որպեսզի կառավարությունը հրաժարական տա:
Տիգրան Սարգսյանը հայտնագործություն չի կատարել՝ հայտարարելով, որ խորհրդարանում ՀՀԿ-ն կամ կոալիցիան ունի մեծամասնություն: Բայց խորհրդարանական մեծամասնության առկայությունը չի նշանակում կառավարության ճգնաժամի բացակայություն: Կառավարության գործունեության արդյունավետությունը կասկածի տակ դնող ուժերը, որոնք պահանջում են նրա հրաժարականը, նույնպես տեղյակ են ՀՀԿ-ական մեծամասնության գոյության մասին եւ ամենեւին չեն վիճարկում դա:
Եվ նրանք իրենց այդ պահանջը չեն հիմնավորում քաղաքական ճգնաժամի առկայությամբ, այլ այն փաստարկում են տնտեսական ճգնաժամի գոյությամբ, երկրի քաղաքացիների ցածր կենսամակարդակով եւ դրանք բարելավելու կառավարության անընդունակությամբ: Իսկ որ Հայաստանը գտնվում է պերմանենտ տնտեսական ճգնաժամի մեջ՝ հնարավոր չէ թաքցնել:
Դա հաստատում է պաշտոնական վիճակագրությունը: Միայն այն փաստը, որ Հայաստանում աղքատների թիվն անցել է մեկ միլիոնի սահմանը, արդեն կառավարության գործունեության հստակ գնահատականն է: Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը դա համարում է ոչ թե մեր երկրի, այլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք:
«Այսօր աշխարհում չկա որեւէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ: Դրա համար դա կոչվում է ճգնաժամ»,- հայտարարեց նա: Ստացվում է, որ եթե պետք է պահանջել հրաժարական, ապա միայն համաշխարհային կառավարությունից, բայց ոչ Հայաստանի:
Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը պահանջող ուժերը չեն պահանջում փոխել խորհրդարանական մեծամասնությունը: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց. «Առաջարկում ենք ՀՀ նախագահին քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»:
Ինչպիսին կլինի նախագահի վերաբերմունքն այս առաջարկությանը՝ դժվար է ասել, բայց որ դրան միանշանակ կողմ է թե ԲՀԿ-ն, թե ՀՀԿ-ի մեծամասնությունը՝ տեսանելի է բոլորին եւ նույնիսկ նախագահ Սարգսյանին: Նրանք համարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանով խորհրդարանական ընտրությունների գնալը կարող է կործանարար լինել իշխող կոալիցիայի համար:
Շատերը նույնիսկ հույս ունեն, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է լինել նախագահ Սարգսյանի նախընտրական նվերը հայ հանրությանը: Միայն թե դժվար է պատկերացնել, թե ուր պետք է գնա Տիգրան Սարգսյանը կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո: Հաստատ ոչ ՀՀԿ նախընտրական շտաբ, քանի որ այդ դեպքում եւս նա ՀՀԿ ձախողումները կկապի ոչ թե իր գործունեության արդյունքների, այլ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, հայտարարելով, որ աշխարհում չկա պետություն, որտեղ ձախողված իշխանություններ չլինեն:
Իսկ եթե նախագահը շարունակի պահել Տիգրան Սարգսյանին նաեւ ընտրությունների ժամանակ, ապա մեծ է հավանականությունը, որ երբ կրկին վարչապետի փոփոխության հարց առաջանա, այլեւս չի լինի մեծամասնություն, բայց կլինի քաղաքական ճգնաժամ:
No comments:
Post a Comment