Popular Posts

Tuesday, December 13, 2011

Հանցագործություն պետական բյուջեի նկատմամբ


«Հոկտեմբերի 27»-ի գործով արդարացված Նաիրի Բադալյանը հանդես է եկել քաղհայցով՝ ընդդեմ ՀՀ նախագահի, գլխավոր ու զինվորական դատախազությունների եւ Նուբարաշենի մեկուսարանի՝ նյութական, առողջական ու բարոյական վնասների հատուցման պահանջով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 28-ին գումարած նիստը հետաձգել էր՝ պատասխանող, ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հասցեն Ն. Բադալյանից ստանալու անհրաժեշտության պատճառաբանությամբ, որպեսզի նրան հրավիրեն դատարան։
Ու չնայած Բադալյանը դեռ նոյեմբերի 30-ին դատարանին էր ներկայացրել նախկին նախագահի գրասենյակի հասցեն, տեղեկացանք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է միայն դեկտեմբերի 27-ին։
Այդ փատը Ն. Բադալյանը գնահատում է որպես «հատուկ դիտավորություն», որով փորձում են իր վրա ֆինանսական ճնշում գործադրել: Նկատի ունի, որ Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր լրացուցիչ օր նրա համար ավելորդ ծախսեր է ենթադրում աշխատավարձի կորստի եւ Երեւանում կեցության ծախսերի առումով։ Հիշեցնենք, որ Բադալյանն ապրում է ԱՄՆ-ում եւ այս դատին մասնակցելու համար օվկիանոս է կտրել ու աշխատանքը թողել:
Ըստ Ն. Բադալյանի, հենց այդ նկատառումով էր նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ դատարանները 2009-ին եւ 2010-ին Հայաստանում իր գտնվելու ժամանակ արհեստականորեն հնարավորինս ձգձգում էին իր խոշտանգումների գործի եւ հայցադիմումների քննությունը՝ մի կողմից քննիչի որոշմամբ իրեն արգելելով Հայաստանից հեռանալ եւ անվավեր դարձնելով իր հետադարձ ինքնաթիռային տոմսերը (ինչը տեղի է ունեցել եւ 2009թ., եւ 2010թ.), իսկ մյուս կողմից՝ խախտելով ՀՀ Սահմանադրության, Հայաստանի կողմից ստորագրված միջազգային մի շարք պայմանագրերի եւ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
Ապա եւ հրաժարվել են վճարել իր՝ քրեական գործով տուժողի ու քաղաքացիական հայցվորի՝ անգամ բուն քրեական գործի վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի պահանջով կատարած ծախսերը։
Ու հիմա նույնը շարունակում են անել իր վնասների հատուցման հայցով հարուցված քաղաքացիական գործով: Ն. Բադալյանը կարծում է, որ սրանով փորձում են իրեն ստիպել, որ հրաժարվի նշված պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու եւ վնասների հատուցման իր պահանջից։ «Բայց դատարանի այդ պահվածքն անհեռանկար է։ Վերջին 12 տարում ես դիմացել եմ իմ հանդեպ իրականացված եւ իր բնույթով նախադեպը չունեցող ֆիզիկական, հոգեբանական եւ ինֆորմացիոն տեռորի եւ արդարության հասնելու իմ պահանջներից չեմ հրաժարվել, ուստի ուղեղ բացարձակապես պետք է չունենալ՝ մտածելու համար, թե ինչ-ինչ լրացուցիչ ընթացիկ ֆինանսական ծախսեր կատարելու ստիպմամբ ինձ կարելի է վախեցնել։ Առավել եւս, որ այն բոլոր լրացուցիչ ծախսերը, որոնք ես այսօր ստիպված եմ կատարել, եւ որոնց կարիքը չէր լինի, եթե նորմալ ընթացքով դատավարություն լիներ, ի վերջո, որպես դատական  ծախս, ինձ փոխհատուցվելու է Հայաստանի պետական բյուջեից։ Ու բոլոր այն մարդիկ, լինի դա դատավոր, դատախազ, թե երկրի նախագահ, ովքեր այս անհեռանկար խեղկատակությունը նախաձեռնել են, ոչ միայն եւ ոչ այնքան ինձ են վնաս պատճառում, որքան ուղղակի հանցագործություն են անում երկրի պետական բյուջեի նկատմամբ»,- հայտարարում է Նաիրի Բադալյանը։

No comments:

Post a Comment