Popular Posts

Tuesday, December 13, 2011

ՄԻՊ գրասենյակում կինը «պերեկիս» էր խմել՝ որպես բողոքի ակցիա


ՄԻՊ գրասենյակում 65-ամյա կինը՝ Անահիտ Վարդանյանը, երկու կետից բաղկացած դիմումը լրացնելուց հետո խմել էր իր հետ բերած «պերեկիսը»՝ ջրածնի պերօքսիդի լուծույթը՝ դրանով արտահայտելով իր բողոքը և փորձելով հասարակության ուշադրությունը հրավիրել իր խնդիրներին։ Այս մասին «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գենիա Պետրոսյանը։
Նա հաղորդել է, որ կինը գրասենյակ էր մտել այնքան հուզված, որ սկզբում նրան հանգստացրել էր գրասենյակի հոգեբանը, հետո երկու աշխատակիցների օգնությամբ նա լրացրել էր իր դիմումը։ «Դիմումի առաջին կետը իրենց տան գողության մասով էր, մյուսը՝ տարածքային սոց. ծառայության հետ էր կապված՝ նպաստի վճարումը դադարեցնելու համար»,- նշել է Պետրոսյանը։
Դիմումը լրացնելուց անմիջապես հետո, երբ նա խմել էր լուծույթն ու վատ զգացել, ՄԻՊ գրասենյակից շտապօգնություն էին կանչել, և բժիշկներն ախտորոշել էին այրվածքներ քիմիական լուծույթից՝ բերանի խոռոչից մինչև ստամոքս. նրանք դեռ չեն շտապում տեղեկացնել կնոջ կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ։
Անահիտ Վարդանյանի փեսան՝ Հովակիմ Գրիգորյանը, թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ապրում է զոքանչի հետ, ինչի պատճառով սոց. ապահովման ծառայությունը զոքանչին նպաստ չի հատկացնում. տանից միայն մեկին է այն տրվում։ Իր հինգ երեխաներից երկուսն ապրում են մանկատանը, կենցաղային նվազագույն կարիքներն անգամ դժվարանում է հոգալ բազմազավակության համար տրվող 48 հազար դրամով և նվազագույնից էլ ցածր աշխատավարձով։
Նախկինում Անահիտ Վարդանյանն ապրել է առանձին տնակում, այնտեղ աշխատել՝ որպես վարսավիր։ Որոշ ժամանակով մեկնել է Ռուսաստան՝ բուժվելու։ Վերադառնալով՝ տեղում չի գտել տնակը։ Փնտրել-գտել է՝ դարձած ավտոպահեստամասերի խանութ։ Դիմել է դատարան, ներկայացրել փաստաթղթեր՝ իր ամուսնու՝ տնակի սեփականատեր լինելու մասով, սակայն «ինչըխ խոսեցին, ինչըխ չխոսեցին, մենք դուրս էկանք մեղավոր»,- ասել է Հովակիմը։
Հիմա զոքանչի պահանջը փեսայից մեկն է՝ ազատել բնակարանը։ «Դե, ինչ անենք, կտանենք, էն երեքին էլ կտանք մանկատուն, ես ու կինս էլ տեսնենք…»,- ի պատասխան պահանջին՝ նշել է փեսան։
ՄԻՊ գրասենյակից հավաստել են, որ այս դեպքի առումով հենց վաղը գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։ 

No comments:

Post a Comment