«Ժողովուրդ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 13-ի համարում հրապարակվել է հոդված` «Դատախազությունում երակները կտրել է» վերնագրով: Հոդվածում մատնանշված հանգամանքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի դատախազության վարչական շենքի առաջին հարկում միջադեպ գրանցվել է, սակայն թերթին տեղեկություններ տրամադրած անձը գտնվել է ոչ բարեխիղճ և «հայտնել» խեղաթյուրված տվյալներ: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։
Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 12-ին` ժսմը 10:35-ին, Վանաձոր քաղաքում բնակվող, սակայն մշտական բնակության վայր և աշխատանք չունեցող Ա. Մատինյանը գնացել է Լոռու մարզի դատախազություն /նա հրավիրված չի եղել դատախազություն, ինչպես ներկայացված է հրապարակման մեջ/ և ընդունելություն խնդրել Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ. Մովսիսյանից` անձնական հարցով:
Ընդունելություն ցանկացող քաղաքացիներին ընդունելու Լոռու մարզի դատախազությունում ձևավորված աշխատակարգի համաձայն` Մ. Մովսիսյանն ընդունել է Ա. Մատինյանին: Ընդունելության վերաբերյալ հերթապահ ոստիկանի կողմից համապատասխան գրառում է կատարվել Լոռու մարզի դատախազության շենք մուտք գործող անձանց հաշվառման և անցագիր տալու մատյանում:
Ա. Մատինյանը դժգոհություն է հայտնել իր հայրական տանը բնակվող հարազատներից, որոնք իբր ցանկանում են հիշյալ տունը ձևակերպել եղբոր կնոջ անվամբ և Ա. Մովսիսյանից խնդրել է միջամտել իր հայրական տան հետ կապված խնդրի լուծման հարցում` միաժամանակ ենթադրություններ անելով` իբր դեռևս 1995թ. իր մայրը, եղբայրը և դուստրը սպանել են իր հորը:
Մ. Մովսիսյանն առաջարկել է Ա. Մատինյանին կամ դիմել ոստիկանության Լոռու բաժին, կամ գրավոր ներկայացնել իր դժգոհություններն ու պահանջները Լոռու մարզի դատախազությանը` վերջինիս տրամադրելով թուղթ և գրիչ: Քաղաքացուն ընդունելուց հետո Լոռու մարզի դատախազի տեղակալը գնացել է դատական նիստի, իսկ Ա. Մատինյանը դատախազի տեղակալի աշխատասենյակից դուրս է եկել և իջել առաջին հարկ: Ապա առաջին հարկում գտնվող սպասասրահի նստարանին նստելով` Ա. Մատինյանն իր մոտ եղած ածելիով կտրել է ձախ դաստակի երակը:
Ա. Մատինյանին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ կարճ ժամանակ անց նա դուրս է գրվել:
Ի դեպ` դեռևս 2004 և 2010թթ. Ա. Մատինյանի` տարբեր ատյաններ հասցեգրած իր հարազատների կողմից իր հորը սպանելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց նշվածը արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Ա. Մատինյանը հիշյալ քննարկումների և որոշումների մասին գրավոր տեղեկացվել է:
No comments:
Post a Comment