Popular Posts

Monday, December 19, 2011

Մենք առհասարակ քաղաքական առումով վատ ենք վերաբերվում բոլոր ոչ նորմալ երեւույթներին

Հանրապետականները մինչեւ նախաքննության ավարտը նախընտրում էին զերծ մնալ մարզպետի մասնակցությամբ միջադեպը գնահատելուց: Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործըկարճվեց, քանի որ նախաքննությունը պարզել էր, որ մարզպետը ոչ թե ծեծել էր կին գործարար Սիլվա Համբարձումյանին, այլ միայն ապտակել: «հարցին, թե արդյոք պաշտոնյայի կողմից կնոջը հարվածելը քաղաքական գնահատական չի պահանջում, Շարմազանովը արձագանքեց. - «Մենք առհասարակ քաղաքական առումով վատ ենք վերաբերվում բոլոր ոչ նորմալ երեւույթներին: Իսկ այդ հարցի շուրջ ես ավելացնելու բան չունեմ»: Կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությունը ՀՀԿ-ի խոսնակը «արդյունավետ» որակեց` հիշեցնելով տարեսկզբին իշխող երեք ուժերի միջեւ ստորագրված նոր համաձայնագիրը, որով նրանք պատրաստակամություն հայտնեցին 2013-ի նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններում պայքար չծավալել միմյանց դեմ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կան արդյոք հակասություններ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ, Շարմազանովն արձագանքեց. - «Եթե անհաղթահարելի հակասությունների մասին է խոսքը, իհարկե` ոչ: Իսկ հակասությունները դրանք նորմալ պրոցեսներ են, որովհետեւ անկախությունը դա նաեւ բազմակարծության դրսեւորում է: Բայց կարեւորը այն է, որ կոալիցիոն երեք կուսակցությունները համախմբված են նախագահի նախընտրական ծրագրի շուրջը եւ վճռական են նախագահ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացնել Հայաստանի առաջընթացը»:

Ընտրական տարին, Շարմազանովի գնահատմամբ, կարող է արդյունավետ չլինել ղարաբաղյան բանակցային գործընթացի համար. - «Փորձը ցույց է տվել, որ նախընտրական տարին այդքան արդյունավետ չէ նույն արցախյան խնդրի առաջընթացի համար: Սա անցյալի փորձն է, բայց այստեղ կա մի հստակ «բայց»: Եթե պարոն Ֆասիեն եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ներառված են այդ բանակցային պրոցեսում, ցանկանում են իրական առաջընթաց, ապա պետք է երկու կարեւոր քայլ կատարեն: Առաջինը` Արցախի հանրապետությունը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Երկրորդը` Ադրբեջանի հանրապետությունը պետք է զերծ մնա միակողմանի, անհեթեթ գնահատականներից եւ ռասիզմի քարոզչությունից»:

«Արտագաղթի խնդիրը մտահոգիչ է», - հայտարարեց նա` կոչ անելով, սակայն, «չընկնել ծայրահեղությունների մեջ». - «Երկիր դատարկվում է` այսպես խոսում են այն մարդիկ, ովքեր մատը մատին չեն խփել պետականության համար»:

Հարցին, թե Շառլ Ազնավուրը նույնպես մատը մատին չի խփել (աշխարհահռչակ շանսոնյեն, հիշեցնենք, հայտարարել էր, որ Հայաստանում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, որի հետեւանքով երիտասարդները հեռանում են երկրից), Շարմազանովը պատասխանեց. - «Ազնավուր մեծ հայ է, Ազգային հերոս է: Նա հերքել է իր խոսքերը»:

Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե Ազնավուրը չի հերքել այս տարվա սեպտեմբերի իր հայտարարությունը, թե «Հայաստանում մաֆիան է իշխում», Շարմազանովը արձագանքեց. - «Ես հարգանքով եմ վերաբերվում Ազգային հերոսին եւ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն գնահատականներին` թեկուզ սուր քննադատական, որոնց նպատակը ոչ թե ցեխ շպրտելն է, այլ նպատակը ուղղել է, շտկելն է, որպեսզի մեր հասարակությունը եւ մեր պետությունը ավելի զարգանան»:

«2011-ը հանդուրժողականության տարի էր», - ձեռքբերումների շարքում նշեց Ազգային ժողովի փոխնախագահը` նույն շարքում դասելով նաեւ «կայուն զարգացման փուլ մտնող տնտեսական վիճակը», նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումները` առանձնացնելով Ռուսաստանի հետ խորացած ռազմավարական հարաբերությունները:

Նրա կարծիքով Հայաստանը առաջընթաց է արձանագրել նաեւ ժողովրդավարության ասպարեզում. - «Դրա մասին խոսեցին ոչ միայն եվրոպացի մեր գործընկերները: Դրա մասին խոսեց նաեւ արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը իր հարցազրույցներից մեկում»:

No comments:

Post a Comment