«Ցեղասպանության հարց. Հայերն ու թուրքերը Օսմանյանը կայսրության վերջին շրջանում» խորագրով իրենց համատեղ լույս ընծայած գիրքն են ներկայացրել հանրությանը դոկտորներ Ռոնալդ Սյունին եւ Նորման Նեյմարկը Փասադենայի համալսարանի ակումբում:
Դոկտոր Սյունին Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրենն է եւ սոցիալ-քաղաքական պատմության պրոֆեսոր, նաեւ՝ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության եւ պատմության վաստակավոր պրոֆեսոր:
Շնորհանդեսի ժամանակ մոտ 2 ամսվա Թուրքիա այցելությունից վերջերս վերադարձած պրոֆեսորը պատմել է, որ հետզհետե աճում է Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը Թուրքիայում: «Նրանցից շատերը մտավորականներ եւ գիտաշխատողներ են, որոնք քաղաքական չափազանց դժվար պայմաններում փորձում են վերանայել իրենց պատմական անցյալը», ասել է նա:
Պրոֆ. Նեյմարկը «Ստանֆորդ» համալսարանում Արեւելյան Եվրոպայի պատմության ամբիոնի վարիչն է, նաեւ՝ «Հուվեր» հաստատության եւ Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նախկինում Բոստոնի համալսարանի պատմության եւ Հարվարդի ռուսական հետազոտությունների կենտրոնի դասախոս է եղել:
«Մինչեւ օրս գրված բարձրակարգ վավերագրական նյութերի առկայության պայմաններում ոչ ոք չի կարող ժխտել, որ կատարվածը ցեղասպանություն չէր», ասել է նա:
Լույս ընծայված հատորը խմբագրել է Ֆաթմա Գյոչեքը: Գրքում ներառված են նաեւ տասնյակից ավելի մասնագետների գրությունները:
No comments:
Post a Comment