Popular Posts

Tuesday, December 13, 2011

Ալավերդյանը կվերացնի ստվերային տնտեսությունը եւ գյուղացիությունը


ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ սենսացիոն բացահայտում է արել. խոսելով Հայաստանում ստվերային տնտեսության առկայության մասին, ասել է, որ ստվեր կա գյուղատնտեսությունում, քանի որ տնտեսության այդ ճյուղից ավելացված արժեքի տեսքով ոչ մի լումա պետբյուջե չի վճարվում: Արմեն Ալավերդյանի այս հայտարարությունն ավելի շուտ հայտնագործություն է, քանի որ մինչեւ հիմա բոլորը գլուխ էին կոտրում՝ հասկանալու, թե որտեղ է թաքնված Հայաստանի ստվերային տնտեսությունը, որը, որոշ փորձագիտական գնահատականներով՝ 50-60 տոկոս է, իսկ ահա Արմեն Ալավերդյանը գտել է դրա տեղը: Հնարավոր է,  որ իր այդ հայտնագործությամբ Ալավերդյանը հավակնի Նոբելյան մրցանակի՝ հայ տնտեսագիտության մեջ կատարած նման հայտնագործության համար:
Այս հայտնագործությունն ըստ էության ՊԵԿ պատասխանն էր կառավարության որոշմանը՝ 2012թ. հավաքել 101 միլիարդ դրամով ավելի հարկ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը չի հարկվում: Չնայած Հայաստանի բոլոր կառավարություններն էլ աչքի են ընկել ծայրահեղ ագահությամբ եւ հանուն մի քանի դրամ ավել փող հավաքելու պատրաստ են եղել հիմնահատակ ոչնչացնել տնտեսության ամբողջական ճյուղեր, բայց որեւէ մեկի մտքով չի անցել հարկել գյուղատնտեսությունը, քանի որ բոլորի համար էլ պարզ է եղել, որ այդ դեպքում այն կդադարի գոյություն ունենալ: Իսկ գյուղատնտեսությունը եւ գյուղացիությունը ոչնչացնելը չի մտնում իշխանության ծրագրերի մեջ՝ ոչ միայն այն պատճառով, որ գյուղացիները մեզ բոլորիս ապահովում են մթերքով, այլեւ որովհետեւ գյուղացիությունը գերշահույթ ստանալու աղբյուր է:
Եթե չլինի գյուղացիությունը, ո՞ւմ վրա պետք է սաղացնել աշխարհի ամենաթանկ պարարտանյութը, ամենաանորակ դիզվառելիքը, ամենաանարդյունավետ թունաքիմիկատները, ժամկետանց սերմացուն: Մյուս կողմից էլ՝ գյուղացիությունը քաղաքականապես ամենապասիվ խավն է եւ մշտապես օժանդակել է իշխանության վերարտադրությանը, պատճառ չդառնալով ավելորդ գլխացավանքի: Հիմա Արմեն Ալավերդյանն ուզում է հասկացնել, որ իրենք պատրաստ են անել այն, ինչ չի արել որեւէ կառավարություն. հարկել գյուղատնտեսությունը եւ այդ հավելյալ 101 միլիարդը հավաքել գյուղացիներից:
Հայաստանի իշխանության կառուցվածքն այնպիսին է, որ պետական պաշտոնյաները եւ այնպիսիք, ինչպիսին Արմեն Ալավերդյանն է, օժտված են բավական մեծ անձնական ազատությամբ: Ալավերդյանը վստահ է, որ իրենից որեւէ մեկը հաշիվ չի պահանջի իր այն հայտարարության համար, որ Հայաստանի ստվերը գտնվում է գյուղատնտեսությունում: Իսկ նման պարզաբանման անհրաժեշտություն թերեւս կա, քանի որ այդ հայտարարության  հետեւանքով հարյուր հազարավոր գյուղացիներ կարող են մտածել, որ պետությունը որոշել է ավելացված արժեքի հարկի տեսքով տանել նույնիսկ այն մի քանի դրամը, որով իրենք կիսասոված գոյություն են քարշ տալիս, եւ չարությամբ լցվել այդ նույն իշխանության նկատմամբ, ինչն ընտրություններից առաջ այնքան էլ ցանկալի չէ:
Չնայած Ալավերդյանը կարող է ասել, որ այդ հայտարարությունն իր պետական մտածողության արգասիքն է: Նա կբացատրի, որ եթե այդ հարկման արդյունքում գյուղացիությունը երկրում վերանա, դրանից մեծ ողբերգություն սարքել չարժե. նախ, որ անիմաստ է մի բանի գոյություն, որն ավելացված արժեքի հարկ չի մուծում, եւ ամենակարեւորը՝ կվերանա երկրի ստվերային տնտեսությունը, ինչի դեմ այդքան համառորեն եւ անզիջում պայքարում են ՊԵԿ-ը եւ Արմեն Ալավերդյանը:

No comments:

Post a Comment