Popular Posts

Monday, December 5, 2011

ԱԺ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Նիկոյանը եւ Ալավերդյանը

Ազգային ժողովը նախագահ է ընտրում: Իշխող Հանրապետական կուսակցությունը առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Այլընտրանքով հանդես եկավ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը. նրանց թեկնածուն Լարիսա Ալավերդյանն է: 
Նիկոյանը եղել է երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, 2008-ին ղեկավարել է Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովը, ապա դարձել ԱԺ-ի փոխնախագահ: Լարիսա Ալավերդյանը պատգամավոր է 2007 թվականից, մինչ այդ նա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր: Խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընտրություններից մոտ կես տարի առաջ հրաժարվեց հանրապետության երկրորդ պաշտոնից` պատճառաբանությամբ, որ գնում է ղեկավարելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը` շեշտելով, որ ուզում է իր բոլոր ուժերը նվիրել այդ աշխատանքին: Առաջադրելով իր թեկնածուին` իշխանությունը գովեստի խոսքեր հնչեցրեց ե'ւ Նիկոյանի, ե'ւ Լարիսա Ալավերդյանի հասցեին, բայց ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Բոստանջյանն ասաց. - «Ամենահեշտ հարցն է, որոշումը կայացված է, ես Ձեզ շատ հարգում եմ, շատ սիրում եմ, բայց ի՞նչ անեմ, ոնց որ ձայնը պիտի տանք Նիկոյանին»:
«Ժառանգության» կարծիքով` ԱԺ-ը ինքնուրույնություն չունի, խորհրդարանի նախկին ղեկավարների պաշտոնաթողության որոշումները ԱԺ-ի պատերից դուրս են կայացվում, դրան գումարած էլ կառավարության կցորդն է, օրենսդիր մարմնում անհարիր գործընթացներ են տեղի ունենում, պատգամավորները քվեարկում են միմյանց փոխարեն, վիրավորական արտահայտություններ հնչեցնում միմյանց հասցեին:
«Ժառանգության» ներկայացուցիչները Սամվել Նիկոյանին հիշեցրին Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին տհաճ միջադեպը ու հարցրեցին, թե ԱԺ նախագահ ընտրելու դեպքում միջադեպերը կշարունակվե՞ն: Նիկոյանը խոստացավ, որ կբացառի նման միջադեպերի կրկնությունը: «Այդ ծառայությունը ում է մատուցվում, ինձ համար եւս անհասկանալի է, եւ ես հասկանում եմ, որ ԱԺ-ի նախագահի կամ նիստ վարողի պարտականությունը ապահովելն է, որ խորհրդարանը բնականոն աշխատի», - ասաց Նիկոյանը:

Լարիսա Ալավերդյանը անելիք է տեսնում ԱԺ-ի մասին հասարակության կարծիքը փոխելու առումով: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կբարձրացնի բուհերը ապակուսակցականացնելու հարցը, եթե ԱԺ-ի նախագահ ընտրվի: Հարցը ենթատեքստ ուներ. պատգամավոր նկատի ուներ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված միտումը` ԱԺ-ի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի, իսկ Սամվել Նիկոյանը` Ճարտարագիտական համալսարանի խորհրդի նախագահն է:
Սամվել Նիկոյանը ամբիոնից ԱԺ-ի դերի մասին խոսեց եւ ասաց, որ իբրեւ մեծամասնության ներկայացուցիչ` պետք է հանդիսանա կառավարության հենարանը, բայց նաեւ խոստացավ, որ ընդունվող օրենքների որակը դրանից չի տուժի: Նրա խոսքով` ինքը առաջին քայլերից մեկով վերացնելու խորհրդարան լրագրողների մուտքի սահմանափակումը: Այդ սահմանափակումը Հովիկ Աբրահամյանի խոսնակ եղած ժամանակ մտցվեց, երբ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները միայն նիստերի օրերին կարող են մտնել ԱԺ: ԱԺ-ի նախագահի թեկնածուն հորդորեց իր արած քայլերը եւ արտահայտած մտքերը, որոնք ինչ-ինչ ձեւով կարող են նաեւ տարբերվել իր նախորդների գործունեությունից, չդիտարկել հակասությունների համատեքստում: «Հնարավոր է, որ որոշակի սրբագրումների եւ որոշակի շեշտադրումների փոփոխություններ լինեն, նորից եմ խնդրում` դա չդիտարկել հակասությունների եւ հակադրությունների դաշտում», - ասաց Նիկոյանը:

No comments:

Post a Comment