Popular Posts

Tuesday, December 13, 2011

Պատգամավորները բոյկոտեցին կառավարության բյուջեն


2012 բյուջեի քվեարկությունից հետո ԱԺ միջանցքում փորձեցինք վարչապետին հարցնել, թե ինչպես է գնահատում, որ կառավարության ներկայացրած բյուջեն ընդամենը 66 կողմ ձայն ստացավ: Վերջինս բավական նյարդայնացած հայտարարեց, թե ինքը Սամվել Նիկոյանի հետ է խոսում, ու հրաժարվեց պատասխանել մեր հարցին: Ապա վարչապետին շրջապատած նախարարների ու թիկնապահների շքախումբն առաջ ընթացավ, այնպես, որ այլեւս հնարավոր չլինի հարց ուղղել նրան: Վարչապետի նյարդայնացվածությունը հիմք ունի. ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը, ինչպես նաեւ ԲՀԿ-ի մեծ մասը երեկ չէր մասնակցում բյուջեի քվեարկությանը: Այնպես որ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացուցիչների դեմքին ակնհայտ տագնապ կար: Հանրապետականների մեծ մասը բոյկոտել էր բյուջեի քվեարկությունը, եւ ենթադրելի է, որ ՀՀԿ խորհրդի նիստում այս շաբաթ լուրջ խոսակցություն կընթանա:
Ուշագրավ է, որ բյուջեի քվեարկության պատկերն այդպես էլ մինչեւ ուշ երեկո չհայտնվեց ԱԺ կայք-էջում: Քվեարկության ցանկից պարզ դարձավ, որ դրան չեն մասնակցել մի շարք կարկառուն հանրապետականներ` Հովիկ Աբրահամյան, Լեւոն Սարգսյան, Զորիկ Զոհրաբյան, Սաշիկ Սարգսյան, Հարություն Փամբուկյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Սադոյան, Խաչիկ Մանուկյան, Տիգրան Արզաքանցյան, Արկադի Համբարձումյան, Կարեն Սարիբեկյան, Սուրիկ Պողոսյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Սարգսյան, Առաքել Մովսիսյան, Մարտին Սարգսյան, Սպարտակ Մելիքյան, Հայկ Սանոսյան: ԲՀԿ-ից բացակայում էին Գագիկ Ծառուկյանը, Աշոտ Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռոբերտ Թովմասյանը, Մխիթար Հարությունյանը, Մարտունիկ Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլայանը, Հարություն Զարագյոզյանը, Ռոբերտ Զաքարյանը, Արշակ Մխիթարյանը, Արմեն Աբրահամյանը: ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանը, Մանվել Ղազարյանը, Արտակ Զաքարյանը, Համլետ Զաքարյանը եւ ԲՀԿ-ից Մելիք Մանուկյանն ու Մարտուն Գրիգորյանը, ըստ ցանկի, ներկա են եղել, բայց չեն քվեարկել: Փոխարենը կառավարության բյուջեին «կողմ» է քվեարկել իրեն անկախ պատգամավոր հռչակած Վիկտոր Դալլաքյանը:
Երեկ մեր հարցին, թե սա դեմա՞րշ էր կառավարության դեմ, Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Սա դեմարշ էր ձեր դեմ: Բյուջեն անցել է կանոնակարգ օրենքի շրջանակում: Բյուջեն հաղթահարվել է, ներկաների մոտավորապես 80 տոկոսը կողմ է քվեարկել»: Բայց հանրապետականները չեն եկել նիստին: «Այ մարդ, լավ են արել՝ չեն եկել, իրենց գործն է: Բյուջեն անցել ա քվեարկության մասնակիցների մոտ 80 տոկոսով: Էստեղ հոտ չի, որ համարակալած հաշվես: Քաղաքական ուժը ոնց հարմար գտնում է, էդպիսի դրսեւորում է ունենում»,- ասաց Սահակյանը: «Կարեւորն այն է, որ կոալիցիան կողմ քվեարկեց բյուջեին, եւ մենք ունենք արդյունք»,- հայտարարեց ԱԺ նորաթուխ  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հարցրինք, թե սա որոշակի վերաբերմո՞ւնք էր բյուջեի նկատմամբ. «Ոչ: Դա ոչ մի վերաբերմունք էլ չի: Ես կարծում եմ` մեր բոլոր ընկերները ներկա քվեարկել են բյուջեին կողմ: Մենք բյուջեին կողմ ենք, որովհետեւ կոալիցիայի մեջ ենք: Այսքան բան: …Եվ մեր քվեարկությունը մեր փոխարեն խոսում է»: ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ խմբակցության բոլոր 8 անդամներից ներկա 6-ը կողմ են քվեարկել բյուջեին: Նա, բնականաբար, նույնպես որեւէ «միտում չի տեսնում», որ այդքան քիչ պատգամավոր է եկել բյուջեի քվեարկությանը: «Իհարկե չեմ տեսնում, որովհետեւ քաղաքական ուժերն իրենց տեսակետները հայտնում են քվեարկությունից առաջ: Ուղղակի բացականերն են շատ եղել»,- ասաց ՕԵԿ-ականը:

No comments:

Post a Comment